Այս ռեպորտաժը Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար, ծնունդով Ջուջեվանցի Շահեն Մուստաֆաևի մասին չէ, այլ այդ սահմանամերձ գյուղի բնակիչների, որոնք բարձր մարդկային որակներով օժտված մարդիկ են: Շատ անկաշկանդ խոսում են իրենց նախկին հարևանի, աշակերտի, ընկերոջ մասին, որին ժամանակին սիրել են և շարունակում են սիրել այնպիսին, ինչպիսին ինքը կա իրենց հիշողության մեջ: Ուսուցչուհին նույնիսկ զգույշ էր, որ իր խոսքով չվնասի Շահենին և նրա գլխից մազ չպակասի: Ինչքան առաքինի ոգի կա այդ կնոջ մեջ: Սա Հայկական պետության, հայ հանրության բարոյական բարձր որակների մասին է խոսում: Պետությունները և ազգերը պարտվում են բարոյականության անկումից և ոչ հակառակը: Էդ գյուղացիները իրենց մաշկի վրա զգացել ու զգում են ադրբեջանական միլիտարիզմի հետևանքները: Նրանցից շատերը գուցեև ռեպորտաժի մասնակիցները զենքերը ձեռքներին մարտական հերթապահություն են արել` ինչպես շատ սահմանամերձ գյուղերի բնակիչները, այսինքն «անուղեղ պացիֆիստներ չեն»: Եվ ընդհանրապես «անուղեղ պացիֆիստների» տեսակարար կշիռը այնքան ցածր է հայոց մեջ, որ ազգային անվտանգության առումով իրենք սպառնալիք չեն: Ավելի մեծ կշիռ են կազմում նրանք, ովքեր այն կարծիքին են, որ «թուրքի մաման պետք ա» լացացնել, բայց իրենք այդ «պատվաբեր» գործը զիջում են այլոց` նախընտրելով «քաղաքական կարիերան» և խոզաբարո հաճույքները: Նախարարների, պատգամավորների և տարաբնույթ իշխանիկների մեջ դրանք շատ են: Գուցե նրանցից շատերը օրենք չեն խախտել բանակ չմեկնելով, բայց եթե «թուրքի մաման լացացնելու» կողմնակիցներ էին պետք է կամավոր մեկնեին բանակ: Այ էդ տեսակը իշխանության բարձր էշելոներում իրոք վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգության համար: Ըստ ինձ, Զորքի մարտական պատրաստվածության բարձրացման համար անհրաժեշտ գաղափարախոսությունը և հռետորաբանությունը պետք է տարբերվեն հանրային կյանքի կազմակերպման անհրաժեշտ գաղափարներից: Անշուշտ, որոշակի բալանսի պահպանման անհրաժեշտություն կա և դա, ըստ ինձ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, հաջողվել է հայկական պետականությանը` ի տարբերություն Ադրբեջանի, որի հանրությունը հակահայկականության պրոպագանդայի դառը պտուղները, վաղ թե ուշ, ավելի առատորեն քաղելու է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203127215243718?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել