Չեմ դադարում զարմանալ ու զայրանալ… Մեր «հանճարեղ» առողջապահության նախարարությունը մի «հանճարեղ» օրենք է հաստատել վերջերս, որի պտուղները ևս մեկ անգամ ճաշակելու են հաշմանդամ երեխաներն ու նրանց ծնողները… Առանց այն էլ տարվա մեջ 2 անգամ վերականգնողական բուժում տրամադրելը արդեն իսկ ծիծաղելի է և անարդյունավետ: Հիմա էլ այն ծնողները, որոնք ներառված չեն Փարոսի մեջ, այսինքն սառնարան ու հեռուստացույց ունեն, համարվում են վճարունակ, այդ ճղճիմ պետպատվերի համար, որպեսզի երեխայի հետ մնան վերականգնողական կենտրոնում, վճարելու են օրեկան 1000 դրամ, այսինքն մեկ կուրսի համար` 30.000 դրամ… Եվ այն էլ մի սենյակի համար, որտեղ դրված է 8 մահճակալ, և երեխան էլ, անկախ տարիքից և սեռից, քնում է մայրիկի հետ: Կարծում եմ՝ սա անմարդկային և դաժանագույն վերաբերմունքի ամենաստորին սահմանն է արդեն…Ինչպես վկայում են այս կենտրոնների աշխատակիցները, այդ «վճարունակ» մայրերից շատերը անսնունդությունից ուշագնաց են լինում, քանզի երեխային կերակրել, և դեռ իրենց համար էլ հաց գնել չեն կարող:
Ես կարծում եմ, որ չափ ու սահմանն արդեն անցնում են: 19.000 դրամ թոշակ ստացող երեխայի չաշխատող ծնողն ինչպե՞ս վճարի 30.000 դրամ՝ տարին 2 անգամ. չէ՞ որ իր երեխային օրենքով հասնում է այդ ճղճիմ բուժումը: Իսկ եթե չկարողանա վճարել, բերի երեխային, թողնի կենտրոնում և 30 օր հետո գա վերցնելու, պահելո՞ւ եք այդ երեխային ` «մեծարգո» նախարար և օրենքը հնարող ու հաստատող հանճարներ: Դուք մեկ օր կարո՞ղ եք 19.000 դրամով երեխա պահել:
Ես կո՛չ եմ անում շրջաններում բնակվող ծնողներին, որոնց վերաբերվում է այս աբսուրդ օրենքը, համախմբվել, բողոքել և հասցնել տեղ այն պարզագույն փաստը, որ չաշխատող և 19.000 դրամ թոշակ ստացող երեխայի ծնողը չի՛ կարող վճարել իր կացարանի համար:
Խնդրում եմ մեր լրագրողներին և մեդիա աշխատակիցներին ևս լուսաբանել այս հերթական հարվածը` ամենաթիրախային ու խոցելի խմբին` հաշմադամ երեխային և նրան խնամող ծնողին, այն էլ շրջաններում բնակվող և առանց այդ էլ ծայրահեղ սոցիալական պայմաններ ունեցող:
Չեմ կարողանում հասկանալ, ընկալել, հաշտվել… Կարելի՞ է վերջին կտոր հացից զրկել մարդուն, իր երեխայի վաղվա օրվա համար պայքարող ծնողին թևաթափ անել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել