Դժվար է ապրել օտարության մեջ....
Այսօր առավոտյան արթնացա ու հասկացա, որ մի շատ կարևոր բան բաց եմ թողել...Մի բան, որ գեղեցկացրել ու համեմել է իմ պայծառ մանկությունը....
Մանկությանս տարիներին, իմ ծննդյան տոնի, ամանորի ու Սուրբ ծննդյան կողքին, սիրածս տոնը Սուրբ Սարգսի տոնն էր: Անհամբերությամբ էի սպասում, թե երբ տիտիկս պիտի աղանձ, հալվա ու փոխինդ պատրաստի` դրսում դրված ալյուրից, որի մեջ համառորեն փնտրում ու գտնում էի սուրբ Սարգսի ձիու հետքը, պապիկս պատմի հին մի պատմություն, որ լսում էինք ամեն տարի ու չէինք դադարում զարմանալ...և վերջապես հարիսան, որ արդեն հարյուր տարուց ավելի, ավանդաբար դրվում է մեր ընտանիքում` պապիկիս հայրիկից սկսած, որի հետ էլ կապված էր պատմությունը: Պապիկս պատմում էր, որ մի անգամ իր հորը` Փանոսին, որ գողանում են քուրդ ավազակները: Գցում են մի ախոռ, որ հաջորդ օրն առավոտյան սպանեն: Փանոս պապը, լինելով հավատցյալ մարդ, աղոթելով քուն է մտնում`Տիրոջից օգնություն խնդրելով և երազում մի ձիավոր մարդ գալիս է ու ցույց է տալիս այն դուռը, որով կարող է փախչել Փանոս պապը...Քնից վեր թռչելով` նա անմիջապես սկսում է որոնել նշված տեղը ու գտնում է դուռն ու փախչում...Ձիավոր այդ մարդը, պապս ասում է, Սուրբ Սարգիսն էր.. Եվ այդ օրվանից` Փանոս պապի խոստումի համաձայն, ամեն տարի հարիսա է դրվում և մատաղ է արվում...Տարիներ առաջ Փանոս պապը, հետո պապիկս, հայրս ու համոզված եմ նաև հետագա բոլոր սերունդները...



