Կենսաթոշակային բարեփոխումներն ուղղված են Հայաստանի ապագային, դա արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար. Սերժ ՍարգսյանPanorama.am-ը գրում է.

«Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության` շատ պարզ պատճառներով, քանի որ այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավվի»: Այս մասին այսօր ԵԿՄ 10-րդ համագումարում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներից հանրային դժգոհությանը:

«Ակնհայտ է, որ որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալու և ասում ենք` այո, որ 5 % պետք է խնայեք ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար»,- նշեց Նախագահը` հավելելով, որ երկար են քննարկել, գիտակացաբար են գնացել այդ քայլին, քանի որ «այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, և դա արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար»:

Ըստ նրա` որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ ամենախիստ քննադատներն ասում են, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այս մի թեզը ճիշտ չէ, կամ ժամանակն է սխալ ընտրվել` պետք է անել 6 ամիս կամ 5 տարի հետո: 

«Ես շատ տևական ժամանակ է աշխատում եմ ՀՀ կառավարությունում` սկսած 1993թ-ից և բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգել է: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տա, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, քանի որ իրոք սա անհրաժեշտ լուծում է»,- նշեց Ս.Սարգսյանը:

Նա չբացառեց, որ օրենքում միգուցե կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ, կամ որոշ բառեր պետք է փոխվեն. «Բայց, եթե որևէ մեկը կասի, որ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ անելու և միանգամից դնի հանրային քննարկման և այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի` կասեմ, որ դրան չեմ հավատում: Ծավալուն փաստաթուղթ է, կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք դրանք ուղղել: Իմաստը վստահ եմ` չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է»:

Ըստ Ս.Սարգսյանի` այո, այսօր մարդկանց 5 տոկոսի նեղություն են տալիս, բայց այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձերը բարձրացրել են: Մասնավորապես, ուժային կառույցներում` 10 %, որոշ ընկերություններում` 10-15 %, իսկ կան ընկերություններ, որոնցում աշխատավարձերի բարձացումը հասել է 25%-ի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել