Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Բաշ-Ապարանի հերոսամարտի մասնակից, 1920 թվականի հունիսի 19-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում ոչնչացրել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն, իսկ 1921թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ՝ երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
Ստորև ներկայացնում ենք Արամ Երկանյանին նվիրված անչափ հետաքրքիր հոդվածը՝ տպագրված «Ուխտ Արարատի» ամսագրում
Ո՞վ է Արամ Երկանյանը: Բոլորից լավ նրան բնութագրել է իր ուսուցիչը` թուրք դահիճներին պատժելու գործողության` «Նեմեսիսի» ղեկավար Շահան Նաթալին. «Դիտեցե՛ք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը...: Զինքը ճանչցայ Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողութիւնը ժամանակով չի չափուիր: Բաց գիրք մը, որ ինձ թուեցաւ, թէ ծնած օրէս կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ եւ հայու աչքերուն մէջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:
Հայ ազատագրական պայքարի մեջ քիչ են այն ընտրյալները, որոնց շատ բանով պարտական է մեր ժողովուրդը` թուրք դահիճներին պատժելու սրբազան գործում... Նրա Սամվել անունով քաջակորով նախնին շատ տարիներ առաջ եկել է Խարբերդի վիլայեթի Փշատիկ գյուղից ու բնակվել Էրզրումի Վիլայեթի գեղատեսիլ մի վայրում, որը հետագայում կոչվել է Երկան: Բարձր հասակի համար Սամվելին կոչում էին Էրգան (Երկան): Հետագայում Երկանյանների մի ճյուղը տեղափոխվել է Էրզրում, ուր և 1900թ. ծնվել է Արամը: 1911-ին պատանի Արամը ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը` 1894-96թթ. և 1909-ի Ադանայի հայկական ջարդերի մասին: Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները` նա երդվում է. «Ես կդառնամ վրիժառու»: Ու երդումը պահեց սրբությամբ:
Միայն համառոտ թվարկումը, նրա կողմից պատժված հայակեր դահիճների, բավական է, որ սերունդներն իրենց առջև ունենան ցեղակրոն մարտիկի կերպարը. Բաքվի հայության ջարդարարներ` Ղասիմբեկովը, Խաս-Մահմեդովը, Սարաֆովը գնդակահարվեցին Թիֆլիսում: Բայց առավել տպավորիչը Ադրբեջանի մուսավաթական կառավարության նախկին վարչապետ Խան-Խոյսկու ահաբեկումն էր: Նորից խոսքը տանք Շ. Նաթալիին. «Ո՜վ Խան-Խոյսկին կը ճանչայ, անոր պատմության ծանոթ է, ան միայն կրնայ ըմբռնել, թե դիւցազնը, Արամին մեջ, ինչի կրնար նմանիլ: Չէ որ փորձերը, որ կատարուած էին իր ոճիրները քավել տալու, կրցած էր քանի անգամներ ձախողեցնել... Գիտակ ու փորձ, գազան, որ գիտե, թե օրուան որեւէ մեկ ժամուն իր դէմ կրնայ կանգնիլ հայ վրեժխնդիրը: Եվ կարհամարհե դարձեալ...»: Այո, բոլոր երեք մահափորձերը Խան-Խոյսկու դեմ անհաջող էին, և դրանից ավելի ինքնավստահ էր դարձել նախկին վարչապետը` Բաքվի և Շուշիի հայության ջարդերի կազմակերպիչը: Սակայն Արամը ապացուցեց, որ ոչ մի դահիճ չի կարող փրկվել ցեղակրոն վրիժառուի գնդակից...
1920թ. հունիսի 19: Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա` Ռուսթավելու պողոտա) փողոցում անշուք արտաքինով բակապանի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ծուլորեն հորանջող բակապանը հանկարծ կերպարանափոխվեց, երբ երևաց Խան-Խոյսկին` իր «ղոչիներով»: Մի պահ միայն թուրք դահիճը տեսավ ահեղ վրիժառուին ու այլևս... ոչինչ չտեսավ: Պայթեց Արամի «Մաուզերը», և հայակեր դահիճը ընկավ ջախջախված գանգով: Եվս երկու կրակոց, ու էլի երկու ղոչիներ հետևեցին իրենց առաջնորդի օրինակին: Արամը ինքն էլ վիրավորվեց, սակայն կարողացավ խուսափել հետապնդումից` ապացուցելով, որ որքան` քաջ, նույնքան էլ հնարամիտ է: Վերադառնալով Կ. Պոլիս` Արամը ձեռնամուխ եղավ հայանուն դավաճանների ահաբեկմանը: Վահե Քիսա և Արթին Քեհյա... այդ նրանք էին, որ կազմել էին Կ. Պոլսի հայ մտավորականության ցուցակը, որոնց 1915թ. ապրիլի 24-ի ձերբակալումով սկիզբ դրվեց ցեղասպանությանը: Զինակցելով զենքի և գաղափարի իր ընկերոջը` Սողոմոն Թեհլիրյանին, Արամը Բերա թաղամասում գնդակահարեց այս երկու դավաճաններին: Առջևում Բեռլինն էր: Այստեղ էին թաքնվում թուրքական դատարանի կողմից ձևականորեն մահվան դատապարտված թուրք դահիճները: Արդեն գնդակահարված էր Թալեաթ փաշան: Իսկ Արամին բաժին էր ընկել Բեհաէտդին Շաքիրը: Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով մարդակերը Թալեաթի աջ ձեռքն էր և Իթթիհատի անթագադիր արքան: Այդ նա էր, որ հազարավոր երեխաների թունավորեց ու կուրացրեց: Նա էր, որ հայ մանուկներին Սև ծովում խեղդելու ոճիրը հղացավ, որը ամենայն բծախնդրությամբ իրագործեց Տրապիզոնի նահանգապետ Քեմալ Ազմին: 1922թ. մարտին գալով Բեռլին, Արամը եղավ Հայդենբերգ փողոցում, որտեղ մեկ տարի առաջ գնդակահարվել էր արնախում Թալեաթը: Մինչ այդ նա եղել էր Կ. Պոլսի Պթի Շան կոչվող փողոցում, ուր վրիժառու Միսաք Թոռլաքյանը գնդակահարել էր մուսավաթական դահիճ Ջիվանշիրին: Հիմա Արամը կանգնած էր ճիշտ այն տեղում, ուր թափվել էր ոճրագործ Թալեաթի արյունը:
«...Սրբազան դատարան մըն է Հայդենբերգը, ուր ես կըմբոխշնեմ դատաստանի մը երանութիւնը... Ինծի կը թուեր, թե Թալեաթի դիակը դեռ այդտեղ էր` տարածուած իր արիւնին ու ցրեխ տուած ուղեղին մէջ: Ոտքերուս տակ կը զգայի իր լեշը եւ կը կարծեի կոշիկներս տեսնել արիւնով ներկուած: Այս երանութիւնը ցեղին նահատակութեան պարտադրանքն էր եւ ես անոր յավերժութիւնը կը բաղձայի»:
1922թ. ապրիլի 17: Բեռլինի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը և Ջեմալ Ազմին: Երկու վրիժառուներն էլ` և՜ Արամը, և՜ Արշավիր Շիրակյանը, հաջողությամբ խույս տվեցին հետապնդումից: Քրիստոնեական մեռելոցի այդ գիշերը Գերմանիայի թուրք հասարակության ընտրյալները հավաքվել էին խնջույքի Ազմիի բեյի տանը, ուր անպատճառ պետք է հպարտանային ոչ հեռավոր 1915-ի արյունոտ ապրիլով ու... զվարճանային: Վրիժառությունը կատարվեց Ազմիի տան մոտ` խնջույքավորների սարսափար աչքերի առջև:
Իսկ ի՞նչ էր զգում Արամը ահաբեկումից հետո. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ... Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա՜, բաբա՜» կոծը, ինձ թվում էր մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:
Մեծանուն վրիժառուն նաև կամավորական շարժման գործուն մասնակից էր: 1917-ին նա եղել է Կովկասյան ռազմաճակատի Էրզրում-Մամախաթուն հատվածի հաղորդակցության ճանապարհների ձիավոր խմբի պետ: 1918-ի Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտում` հայտնի ֆիդայի Զեմլյակի ձիավոր խմբի հետ իբրև գնդացրային դասակի պետ: 1918-ի դեկտեմբերին, դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, Արամը կարճ ժամանակում լիկվիդացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես` Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թուրքական ավազակախմբերը (ի դեպ, նրա հարազատները գաղթելով հայրենի Էրզրումից, ապրում էին Ղարաքիլիսայում):
1922-27թթ. Արամը ապրել է Ռումինիայում, հետո` անցել Արգենտինա: Բուենոս-Այրեսում, Կորդովայում նա մասնակցել է Գ. Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի տարածմանը, եկեղեցիների և դպրոցների բացմանը, կազմակերպել տպագրության գործը` հիմնադրելով առ այսօր հրատարակվող «Արմենիա» թերթը: Այս ասպարեզում էլ մեծանուն վրիժառուն իրեն դրսևորեց որպես նվիրյալ: Ընթերցելով նրա «Այսպես սպանեցինք» հուշագրությունը` ակամա հիշում ես Նիկոլ Աղբալյանի հայտնի խոսքերը. «Սուրս չթողեց, որ գրող դառնամ, գրիչս չթողեց, որ զինվոր դառնամ»: Սակայն Արամ Երկանյանը ճակատագրի այն ընտրյալն էր, որ հավասար նվիրվածությամբ ծառայեց և՜ զենքին, և՜ գրչին:
Ընդամենը 34 տարի ապրեց Արամը, սակայն իր ազգի համար հասցրեց անել ավելին, քան` հազարավոր մահկանացուներ: Հեռավոր Կորդովայում գտնվող ցեղակրոն հայորդու գերեզմանը սրբավայր է, իսկ անունը` սրբություն մեր ժողովրդի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել