Ցավում եմ.... և մեկ անգամ ևս ցավում եմ, որ ստիպված եմ խոսել նման երևույթների մասին, որ դեռ Հայաստան երկրում մարդու իրավունքներն այնքան են ոտնահարված, որ շատ հաճախ ստիպված էս լինում ձայն չհանել, որ չոտնահարես քո առանց այն էլ ոտնահարված իրավունքները: 
Այդպես եղավ նաև Երևանի Մետրոպոլիտենի երեք աշխատակիցների հետ, որոնք փորձելով պաշտպանել իրենց և իրենց ողջ կոլեկտիվի ոտնահարված իրավունքները, մնացին առանց աշխատանքի: 
Գագիկ, Սևակ և Անդրանիկ. ահա և այն երեք աշխատակիցների անունները, ովքեր ողջ կոլեկտիվի շահերը պաշտպանելու համար մնացին առանց աշխատանքի:
Փաստորեն նրանք 10-15 տարի կարողացել էին աշխատել Մետրոպոլիտենում, և լինել կարգապահ աշխատակից, բայց երբ ձայն բարձրացրեցին կուտակային կենսաթոշակի մասին, պարզվեց, որ իրենց աշխատանքը այնքան էլ լավ չեն կատարում... 
Այնինչ ընկերության տնօրինությունը, մի ողջ հետաքննություն էր անցկացրել առ այն, թե ով է կազմակերպել բողոքի ակցիան, ով է հանդիպել «ԴԵՄ ԵՄ» թիմի տղաների հետ, ով է լրատվամիջոցներին հարցազրույց տվել և այլն... արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեցին Սևակը, Անդրանիկը և Գագիկը, որոնց պարզապես հեռացրեցին աշխատանքից: Նրանք այսօր զրկվել են աշխատանքից, իսկ տնօրինությանը նույնիսկ չի հետաքրքրել այն փաստ, որ նրանցից մեկը չորս երեխաների հայր է, այլ կերպ ասած, բազմազավակ հայր: 
Տեղեկացնեմ նաև, որ տղաները արդեն դիմել են փաստաբանի, ով խոստացել է պաշտպանել տղաների շահերը դատարանում, իսկ Մետրոպոլիտենի ողջ կոլեկտիվը միջոցներ է ձեռնարկում՝ իրենց բողոքի ձայնը տնօրինությանը հասցնելու համար, նրանք պատրաստ են ողջ կոլեկտիվով կանգնել տղաների կողքին, և պաշտպանել նրանց իրավունքները:
Դատավճիռն արդեն կայացված է, ու ակամայից հիշում էս հետևյալ արտահայտությունը. «А судьи кто»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել