… Սակայն որոշ ընդհանրացումներ կարելի է անել։ Առաջինը, ինչ կնշի յուրաքանչյուրը, կյանքի սոցիալական ծանր, հաճախ ուղղակի հուսահատեցնող պայմաններն են՝ գործազրկություն, կայուն աշխատանքի ու եկամտի բացակայություն, ցածր աշխատավարձ, պարտքեր, ընչազրկություն։ Նման հարվածները կարող են հուսահատության եզրին հասցնել անգամ ուժեղ անհատներին, իսկ ոչ ուժեղներին ուղղակի տապալում են։ Հուսահատությունն ու ինքնասպանությունը քայլում են թեւ թեւի։ Իսկ հուսահատության զգացողությունն ավելի է խորանում ընդհանուր անորոշության պայմաններում։ Շատ կուզենայի սխալվել, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ հասարակությունն ու մարդկանց մեծամասնությունն առհասարակ որեւէ, անգամ ուրվագծային պատկերացում չունեն տեսանելի ապագայի ու այդ ապագայում իրենց տեղի, դիրքի ու վիճակի վերաբերյալ։ Չկա որեւէ վստահություն վաղվա օրվա նկատմամբ, ու մեծ մասամբ չկան դրական ակնկալիքներ այդ վաղվա օրվանից, կյանքից ու կյանքի հետագա ընթացքից։ Մարդիկ չգիտեն. վաղը աշխատանք ու մի կտոր հաց կունենա՞ն, թե՞ ոչ։ Մարդիկ չգիտեն. եթե Աստված չանի, հիվանդանան, ինչպե՞ս են հոգալու այդ ահռելի ծախսերը (պետպատվերի մասին հեքիաթներ չպատմել)։ Մարդիկ չգիտեն. իրենց երեխաները աշխատանք կգտնե՞ն, թե՞ կմնան անգործ-անհույս։ Այս ցանկը կարելի է շարունակել ու շարունակել։
Առավել մեծ ընդգրկմամբ, անհայտ է, թե մենք, որպես հասարակություն ու պետություն, ի՞նչ նպատակադրումներ ունենք մեր առաջ ու քայլերի ի՞նչ հաջորդականությամբ եւ ծրագրերով ենք ուզում հասնել այդ նպատակադրումներին։ Փքուն ճառերը, որ արտասանում են պետական պաշտոնյաները կամ առանձին գործիչներ, ըստ էության, այդ նպատակա-ծրագրային բացը չեն լրացնում։ Եվ անորոշությունն ընդհանրական տարածում է ստանում։ Դե, իսկ հիմա այդ ամենին գումարեք տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով անհավատության, չարության, բռնության, դաժանության, խաբեբայության, զոռբայության, անբարոյականության, ամենաստոր հակումների ու բնազդային կրքերի անսանձ, վայրիվերո քարոզումը։ Քարոզումը թե՛ զանգվածային ոչնչացման զենքի վերածված հեռուստատեսությամբ, թե՛ կյանքի օրինակներով ընդհանրապես։ Գումարեք նաեւ այդ ամենին շրջապատի ու շրջակա անցուդարձի նկատմամբ տիրապետող անտարբերությունը, որ նկատվում է շատ-շատերի դեպքում։ Գումարեք «մարդը մարդուն գայլ է», «խաբողը ճարպիկ է», «ազնիվը հարիֆ է» եւ նմանօրինակ տխմարագույն կաղապարների գործնական տարածումը, եւ աղետալի պատկերը կամբողջանա։ Ի՞նչ հասարակական օրգանիզմ լինի, որ դիմանա այդքան շատ հարվածներին։ Իսկ չդիմանալը նշանակում է հասարակության վերացում։ Մինչդեռ մարդը, անհատականություն լինելով, հասարակական էակ է։ Եվ եթե չկա հասարակությունը, որոշակի չափով մարդն էլ է դադարում լինել ու դադարում է մարդ լինել։» --- Մեջբերման ավարտը /ներողություն այսքան երկար մեջբերման համար/:
Եվ այսքանից հետո ինչ բարոյականություն /ավելի ճիշտ անբարոյականություն/ պետք է ունել նման պայմաններ «ապահովող» իշխանությունն ատամներով պահելու համար...



