Թուրքիայի հյուսիսարևմտյան Քըրքլարելի նահանգի Բաբայեսկի քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերը սպառնացել է սպանել երկու այցելուների՝ միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հրեա են:
Բանն այն է, որ գործնական բանակացությունների համար քաղաք ժամանած երկու հրեա գործարար ճաշելու նպատակով այցելել են Բաբայեսկի ձկնային ուտեստների ռեստորաններից մեկը, սակայն սեփականատերը, հասկանալով հաճախորդների ազգային պատկանելությունը, հրաժարվել է նրանց սպասարկել և հակասեմական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին: Ավելին, քիչ անց ռեստորանատերը «շաուրմայի դանակով» հարձակվել է հրեա այցելուների վրա, ինչից փրկվելու համար գործարարներն ստիպված են եղել փախչել ռեստորանից: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ռեստորանի բազմաթիվ այցելուներ անտարբերությամբ են հետևել միջադեպին, և որևէ մեկը չի փորձել միջամտել:
Հակասեմական այս դեպքին անդրադարձել են մի շարք հրեական լրատվամիջոցներ՝ ընդգծելով Թուրքիայի հրեական համայնքի գոյությանը սպառնացող լուրջ մտահոգության առկայությունը:



