Ահլ աս-Սուննա ուա ալ Ջամաան՝ թարգմանաբար «սուննայի և համայնքի համաձայնության մարդիկ» (կամ սուննիներ), մուսուլմանների մեծամասնության ինքնաանվանումն է: Անվանման առաջին մասը գալիս է «սուննա» տերմինից, որը նշանակում է Մուհամմադի ուղին, օրինակը՝ որպես հասարակական կյանքի չափանիշ: Այն ամրագրված է հադիսներում՝ նրա արարքների և արտահայտությունների մասին տեղեկություններում: Քանի որ իսլամում ընդունվում է Մուհամմադի և Ալլահի անմիջական «շփումը», ապա Մուհամմադի արտահայտությունները ևս համարվում են աստվածային ներշնչանքի արդյունք, դրա համար էլ սուննան Ղուրանի հետ միասին մուսուլմանների մոտ ընդունվում է որպես իսլամի հիմք, մուսուլմանական հասարակության կանոնների ցուցում:

Անվանման երկրորդ մասը ենթադրում է Մուհամմադի բոլոր զինակիցների առաքելության ընդունումը և զանազան հարցեր լուծելու իրենց մեթոդներին հետևելը: Այսպիսով, այս դեպքում Սուննա է կոչվում մեկ հավատքի շուրջ մարդկանց միավորումը և միասնականությունը: Այս հավատքին հետևելը և մուսուլմանական համայնքի առօրյա կյանքում կիրառելը կոչվում է Ջամաա: Առաջին անգամ «Ջամաա» տերմինը հայտնի է դարձել Հասան իբն Ալիի կողմից Մուավիա իբն Աբի Սուֆյանին իշխանությունը Խալիֆայությունում փոխանցելուց հետո: Այս գործընթացով վերջ դրվեց քաղաքացիական պատերազմին և այս տարին (661թ.) պատմության մեջ մտավ որպես «միասնականության տարի»՝ սանաթ ալ-ջամաա:

Մուհամմադի կյանքի օրոք մուսուլմանական համայնքը միասնական էր: Այդ միասնականությունը շարունակվում էր ընդհուպ մինչև խալիֆ Օսմանի սպանությունը (656թ.): Դրանից հետո մուսուլմանական համայնքի մեջ պառակտում տեղի ունեցավ, որն ավելի խորացավ Ալիի և Մուավիայի հակամարտության ընթացքում: Այդ ժամանակվանից էլ սկսվեց իսլամի զանգվածային ընդունումը հուդայականների, քրիստոնյաների և զրադաշտների կողմից: Որոշները նաև փորձեցին իսլամական ուսմունքի մեջ մտցնել իրենց համար սովորական դրույթներ իրենց նախկին հավատքից:

Սա նաև նպաստեց հասարակության ճեղքավորմանը, աղանդավորության զարգացմանը և աշխարհայացքների մեջ ծայրահեղության առաջացմանը:

Աղանդավորության և ծայրահեղության դեմ հանդես եկան Մուհամմադի զինակիցները, ովքեր կողմ էին ճշմարիտ ուղուն և ձգտում էին վերականգնել և պահպանել մուսուլմանների միասնականությանը: Այս ուղու հիմնադիրներից կարելի է համարել Աբդուլլահ իբն Օմարին, Իբրահիմ ան-Նահայիին, Հասան ալ-Բասրիին և Աբու Հանիֆային:

«Պահպանողական» սուննիների համոզմունքների համակարգման մեջ մեծ դեր է խաղացել Հասան ալ-Բասրին, ով շարադրել է իր տեսակետները քաղաքական հարցերի և աղանդավորության շուրջ՝ գնահատելով դրանք: Քաղաքականության մեջ նա քննադատության է ենթարկել Օմայանների իշխող դինաստիային և հանդես է եկել նրանց բռնապետության դեմ: Հասան ալ-Բասրին հայտնել է, որ չի կարելի կողմ լինել այն իշխանությանը, որի սկզբունքները հակասում են Ղուրանի և Սուննայի դրույթներին: Այս հայտարարությունը նա արել է՝ հիմնվելով մարգարեի մի հադիսի վրա, որը բերվում է Բուխարիի, Աբու Դաուդի, Նասայիի մոտ. հադիսի իմաստն այն է, որ արգելվում է ենթարկվել այն մարդկանց իշխանությանը, ովքեր կոչ են անում մեղք գործել Ալլահի դեմ: Սակայն նա մեղսագործ իշխանության դեմ զինված ելույթի կողմակից չի եղել, այլ կողմ է եղել համբերությանը և պասիվ դիմադրությանը՝ ապավինելով Ալլահի օգնությանը:

Ընդ որում մուսուլմանները պետք է խուսափեին ինքնագործունեությունից և պետք է գործեին միայն համապատասխան գիտնական-քարոզիչների՝ ֆակիհների գրավոր կարգադրություններին: Հենց այսպես նա մեկնաբանեց Ղուրանի այս այաթը՝ «Հնազանդվեք Ալլահին և հնազանդվեք մարգարեին և ձեր մեջ իշխանության կրողներին (ուլուլ ալ-ամր)»: (Ղուրան, 4:59): Իշխանության կրողները հենց ֆակիհներն են հանդիսանում:

Կրոնի ծայրահեղ դրսևորումների և աղանդավորության առնչությամբ Հասան ալ-Բասրին դարձյալ կոշտ դիրք էր գրավել՝ «առանձնացնելով» մութազիլիզմի հիմնադիր Վասիլ իբն Աթային, ով փորձում էր իր հայացքները ներմուծել նախախնամության և մեծ մեղքեր գործած մարդկանց հարցերով: Նա նաև հերքել է «ծայրահեղ» շիաների և խարիջիների ուսմունքները, որոնք մեղք գործած մարդկանց համարում էին իսլամից դուրս եկածներ:

Իրենց «պահպանողական» ուղին ընգծելու համար մուսուլմանների ճնշող մեծամասնությունը հայտնել է, որ մտադիր է դավանել միակ և մաքուր հավատքը, որը եղել է խառնաշփոթից, աղանդավորությունից և հասարակության մեջ քաղաքացիական հակամարտությունից առաջ: Հասան ալ-Բասրին մուսուլմանների այդ մեծամասնության համար կիրառել է «Ահլ աս-Սուննա», «Ահլ ուլ-Հակկ», «Ահլ ալ-Ջամաա», «Ահլ ալ-Հադիս» տերմինները: Իսկ «Ահլ աս-Սուննա» տերմինը առաջին անգամ ներմուծել է Մուհամմադ իբն Սիրինը (8-րդ դար), որով էլ սկսեցին անվանել մուսուլմանների ուղղահավատ մեծամասնության ներկայացուցիչներին: Կիրառվում է նաև «Ահլ ալ-Հակկ ուա ալ-Ջամաա» տերմինը, որը ներմուծել է Աբու ալ-Լեյս աս-Սամարկանդին (9-րդ դար):

Այս տերմիններից զատ՝ հիջրայի 2-րդ դարից ուղղահավատ մուսուլմաններին մատնանշելու համար կիրառվում էին նաև «Ահլ ալ-Հակկ ուա ալ-Իսթիկամա», «Ահլ աս-Սուննա ուա ան-Նակլ», «Ասհաբ ալ-Հադիս» տերմինները: Ավելի ուշ, Մուհամմադի և իր զինակիցների ուղուն հետևող մուսուլմանների ճնշող մեծամասնությանը մատնանշելու համար սկսեց կիրառվել «Ահլ աս-Սուննա ուա ալ-Ջամաա» համընդհանուր տերմինը: Այն նաև հանդիպում է Աբու ալ-Լեյս աս-Սամարկանդիի «աշ-Շարհ ալ-Ֆիկղհ ալ-Աքբար» (Սա Աբու Հանիֆայի «Ֆիկղհ ալ-Աքբար» հայտնի աշխատության մեկնաբանությունն է) աշխատության մեջ:

Այսպիսով, «Ահլ աս-Սուննա» հասկացությունը հայտնվեց որպես մատնանշում Մուհամմադի և իր զինակիցների ուղուն հետևող ուղղահավատ մուսուլմանների համար: Այն համարվում էր հակասության արտահայտություն՝ իսլամում զանազան պառակտիչ աղանդների գործունեության դեմ: «Ահլ աս-Սուննայի» համախոհները պահպանեցին մուսուլմանական համայնքի միասնությունը, չթույլատրեցին տարբեր աղանդների անդամներին կրոն բերել նորամուծություններ՝ բիդ’ա, և աղճատել իսլամական ուսմունքի սկզբնական մաքրությունը:

Ավանդույթի համաձայն՝ իսլամականն համայնքի՝ ումմայի մասնատումը զանազան աղանդների կանխատեսված է եղել Մուհամմադի կողմից հադիսներում, որտեղ նա խոսում էր մի փրկված խմբի մասին, որն էլ լինելու է «Ահլ աս-Սուննա ուա ալ-Ջամաան»: Հետագայում իսլամի զանազան ուղղությունների (շիաներ, խարիջիներ, մութազիլիներ, փիլիսոփակական զանազան դպրոցներ) հետ բուռն վիճաբանություններից հետո մշակվեցին սուննիների համոզմունքների տեսական հիմքերը և կատարվեց դրանց համակարգումը: Այս ամենը իր արտացոլումը գտավ մաթուրիդիների, աշարիների և սալաֆիների սուննիական աշխարհայացքային դպրոցներում:

Իսլամական ուղղափառ մտքի այս երեք ուղղությունները միմյանց միջև որոշ տարբերություններ ունեն, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում և մինչև այսօր ներկայացնում են ուղղահավատ սուննիական իսլամի ուսմունքը:

Ուղղափառ իսլամի դրույթները զարգացնող նշանավոր գիտնականներից են Աբու Մանսուր ալ-Մատուրիդին, Աբու ալ-Հասան ալ-Աշարին, Մուհամմադ Ղազալին և ուրիշները: Միաժամանակ աշխարհայացքային դպրոցների հետ նաև զարգացել են սուննիների իրավական դպրոցները՝ մազհաբները՝ Հանաֆիական, Մալիքիական, Շաֆիական, Հանբալիական: Հանաֆիկան մազհաբի ներկայացուցիչների մեծ մասը մաթուրիդի է, մալիքիականինը և շաֆիականինը՝ աշարի, հանբալիականինը՝ սալաֆի:

Աղբյուրները՝ Ислам: Энциклопедический словарь

                          Грюнебаум, фон Г. - Классический ислам

                          Петрушевский И. - Ислам в Иране

                          Հովհաննիսյան Ն. - Արաբական երկրների պատմություն, հատոր I

Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը, Հ. Պալյանը և Գ. Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել