Panorama.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին» ուսումնասիրության շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հետազոտությունը նպատակ է ունեցել գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում, ինչպես նաև պարզել, թե ուսանողությունը ինչպես է ընկալում բոլոնյան գործընթացի բաղադրիչները:
«Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից մենք շատ ենք կարևորում բոլոր շահառուների կարծիքները. հատկապես ուսանողների կարծիքները մեզ համար հետադարձ կապի լավագույն միջոցն են: Ուսումնասիրության արդյունքները հիմք են ծառայելու և հաշվի են առնվելու հետագա կրթական քաղաքականության մշակման համար: Ուսանողների գնահատականներն ու կարծիքները, որոնք տեղ են գտել հետազոտության մեջ, համարում եմ բավական օբյեկտիվ: Թեև կա որոշակի վերապահում կրթության ոլորտի բարեփոխումների նկատմամաբ, ինչը համարում եմ բնական»,- ասել է ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը գոհացուցիչ է համարում հատկապես այն, որ բուհերում շատ վիճահարույց և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ռոտացիոն համակարգը, որը ապահովում է ուսանողների տեղափոխությունը վճարովիից անվճար և հակառակ ուղղությամբ, բավական բարձր դրական գնահատականի է արժանացել՝ 80 տոկոսից ավելին համակարգն արդյունավետ է գանահատել:
Հետազոտությունն իրականացվել է 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՆ պատվերով՝ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից:
Ներկայացնելով արդյունքները՝ կենտրոնի վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ, ովքեր փաստել են, որ բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



