1. Տրամաբանական սխալ
Մի քանի շաբաթ առաջ մասնակցում էի մի սեմինարի, որի ժամանակ քննարկում էինք այնպիսի արժեքներ, ինչպես «ազատությունը» և «արդարությունը»։ Առաջին օրը դասընթացավարը մեզ տվեց այս 5 նախադասությունը, որպեսզի ընտրենք, թե որն է ըստ մեզ ազատության ճիշտ նկարագրությունը.
- անել այն, ինչ ուզում ես
- չանել այն, ինչ ուզում ես
- չանել այն, ինչ չես ուզում
- անել այն, ինչ թույլատրվում է
- անել այն, ինչ արգելված չէ
Պարզվեց, որ 30 հոգու մեջ միակն էի, որ ընտրել էի առաջին տարբերակը (հետո ինքս ինձ խոստովանեցի, որ դա արել եմ զուտ բնազդորեն)։ Գրեթե բոլոր մյուսները ընտրել էին վերջին տարբերակը։ Բնականաբար, սկսվեց բանավեճ. բոլորը ինձ համոզում էին, որ իմ հասկացած ազատությունը հեչ լավ բան չէ։ «Այդ դեպքում,- ասաց մի աղջիկ նույնիսկ,- կարող ես սպանել դիմացդ ելած մարդուն ուղղակի նրա համար, որ տրամադրությունդ այն չէ։ Դա կլինի ազատությո՞ւն»։
Ես ինչ-որ բան էի պատասխանում, սակայն ուղեղս զբաղված էր վերլուծելով, թե ինչ էր կատարվել դասի սկզբում։
Ուրեմն նախքան այս 5 նախադասությունը, դասընթացավարը խնդրել էր, որ բոլորս մեկ նախադասությամբ սահմանեինք ազատությունը։ Ու զարմանալին այն է, որ համարյա բոլորս նույն բանն էինք գրել՝ մի քիչ այլ բառերով։ Հիմնական միտքը բոլորիս մոտ սա էր. «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»։
Ես հասկացա, որ մենք տրամաբանական սխալ ենք արել, փոխանակ նկարագրելու, թե ի՛նչ է ազատությունը, որոշում ենք, թե որտեղ է այն վերջանում։ Ու դա բնորոշ է մեզ. ազատության մասին խոսելիս, մենք միշտ չգիտես ինչու խոսում ենք դրա սահմանման սահմանափակման մասին։
2. Անել այն, ինչ ուզում ես և կարող ես
Երկու օր առաջ հիշել էի սեմինարը ու նորից մտածում էի իմ ընտրած պատասխանի մասին։ Շուտով գլխի ընկա, որ «անել այն, ինչ ուզում ես» սահմանումն էլ մի բանի նման չէ։ Ես շա՜տ բան եմ ուզում անել, բայց եթե անկեղծ լինենք, դրանից շատ քիչը կարող եմ անել (հաստատ Մարս չեմ կարող թռնել)։
Ուստի «ինչ ուզում ես»-ին ավելացրի «և ինչ կարող ես», բայց դա էլ չբավարարեց։ Ախր մոլուցքը, կախվածությունը կամ պարզապես սովորությունը նույնպես բաներ են, որ ուզում ես և կարող ես անել։ Բացի այդ, հաճախ դժվար է հասկանալ իսկապես ուզո՞ւմ ես, թե՞ քեզ միայնթվում է, որ ուզում ես (կամ ավելի վատ՝ քեզ ներշնչել են կամ ուղեղդ լվացել են)։
3. Պայմանավորվել 3 շաբաթ առաջ
Ես կարծում եմ, որ ազատությունը հասկանալու համար օգտակար լարող է լինել տարբեր երկներում, իրավիճակներում ու ժամանակներում մարդկանց կենսակերպը և վարքագիիծը համեմատելը։
Օրինակ, երկրագնդի վրա գյուղեր ու քաղաքներ կան, որտեղ շատ բան քո կյանքում որոշում ես ոչ թե դու, այլ սովորությունները և ավանդությունները։ Կան նաև երկրներ, որտեղ դա անում են օրենքները և զարգացած տնտեսությունը։ Շատերն են ասում, որ կյանքը զարգացած երկրներում նման է հոսքագծի. արդեն մանկուց՝ դպրոցում այդ հոսքագիծը ճյուղերի է բաժանվում և մինչև կյանքիդ վերջ տանում որոշակի ուղղությամբ։
Ահա թե ինչ է, օրինակ, ասում մի հոլանդացի, ով պատմում է, թե ինչու է Հոլանդիայից եկել ու բնակվում Կովկասում.
Այստեղ [Կովկասում] առավոտյան արթնանալիս չգիտես, թե ինչ ես անելու երեկոյան։ Միշտ ինչ-որ չսպասված բան է լինում։ Իսկ Հոլանդիայում ամեն ինչ պլանավորված ու կազմակերպված է։ Եթե, օրինակ, ուզում ես հանդիպել ու ճաշել ընկերներիդ հետ, պետք է 3 շաբաթ առաջ ծրագրես։ Ինձ դա դուր չի գալիս։
Եվ նա չի չափազանցնում։ Ամեն ինչ պետք է պլանավորես, քանի որ շատ քիչ ժամանակ ունես։ Սա հատկանշական է զարգացած երկրների ու մարդկանց համար. նրանք շատ անելիքներ ունեն ու պլանավորվածից դուրս քիչ բան կարող են անել։
4. Ազատությունը այն է, ինչը կանխատեսելի չէ
Լավ հիմա իմ եզրահանգումները։ Ես կարծում եմ, որ ազատությունը առաջին հերթին նշանակում է տարածք և ժամանակ։ Այսինքն, երբ ես ունեմ որոշակի տարածություն (թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով), որտեղ կարող եմ անել ինչ-որ բան և, եթե ունեմ ժամանակ դրա համար։
Իմ հաջորդ եզրահանգումն այն է, որ ազատություն կարելի է համարել այն, ինչը կանխատեսելի չէ։ Եթե դու ինչ-որ բան ես անում (կամ չես անում) և դա ի սկզբանե քեզ և քո շրջապատի համար կանխատեսելի էր (նույնիսկ եթե քեզ թվում էր, որ դա քո ցանկությամբ էր), ապա ըստ իմ այս տեսության, դա ազատության դրսևորում չէր։
Շարունակությունն՝ այստեղ



