Սուրբ Սարգի՞ս, թե Սուրբ Վալենտին. հենց այս թեման դառնում է արդիական, որոշ դեմագոգներ, որ իբր սիրառատությունից մեռնում են ու սիրո մի քանի տոն են ուզում, անդադար ծաղրում են Սուրբ Վալենտինը չընդունողներին: Այդ մարդկանց համար հիշեցնում եմ՝ սիրող մարդու համար ամեն օրն է տոն…ամեն օրը…, իսկ տոնելիս լավ է հիշել մեզ ավանդված հին ծսական տոնը, քան հորինովի, կոմերցիոն արժեք դարձած ինչ-որ բան... Իսկ մինչ այդ ճշտենք, թե ով է Սուրբ Սարգիսը և ով է «Սուրբ» Վալենտինը: 

Սո՞ւրբ Վալնտին. 
Խնդիրը միայն այս տոնի օտար ծագումը չէ. սա հիմնված է սուտ առասպելի վրա ու մի քիչ էլ համեմունքի համար հավելել են Սուրբ անունը՝ քրիստոնեական տոնի տպավորություն թողնելու համար: Ըստ տարածվող լեգենդի` 269 թ. Հռոմի Կլավդիոս կայսրը, ընտանեկան կյանքի պատճառով հեռավոր արշավանքներից խուսափող հռոմեական բանակի համապատասխան տրամադրվածությունները վերացնելու նպատակով, կայսրության մեջ ամուսնություններն արգելող հրաման է արձակում: Հրամանին չի ենթարկվում միայն Վալենտին անունով եպիսկոպոսը` շարունակելով գաղտնի պսակադրություններ կատարել: Սակայն ի վերջո բռնվում է և բանտարկվում, ապա` դատապարտվում մահապատժի: Սակայն մահապատժից առաջ Վալենտինը հաջողացնում է սիրավեպ սկսել բանտապետի դստեր հետ` նրան սիրային երկտողեր ուղարկելով: Եվ նրա մահապատժի օրն էլ հռչակվում է բոլոր սիրահարների տոն: Քիչ է մնում հավատամ այս լեգենդին, բայց արի ու տես, որ բացի այս հորինովի լեգենդը, պատմության մեջ ոչ մի տեղ չի հիշատակվում ոչ միայն Կլավդիոս, այլև այս շրջանի որևէ այլ կայսեր նման հրամանի մասին ու առհասարակ լեգենդին հայտ է գալիս մեկեն. միջնադարում գործող մի շարք պատմաբաններ ենթադրում են, որ առասպելով փորձել են վերարթնացնել, Հռոմեկան կայսրության մեջ նշվող հեթանոսական տոնակատարությունն է` լուպերկալիան (Lupercalia): Քանի որ կաթոլիկ եկեղեցին փետրվարի 14-ին նշում էր իր տոնացույցի սրբերից Վալենտինի տոնը, լեգենդը հորինողները այս պատմությունը կապել են Սուրբ Վալենտինի անվան հետ: Բայց արի ու տես, որ 1969 թ-ին Հռոմեական կաթոլիկ եկեղեցին սրբերի շարքից հանեց Վալենտինին, որին ինչ-որ ժամանակ անհայտ պատճառներով, առանց որևէ պատմական հիմքի, գուցեև լուպերկալիան վերացնելու նպատակով անհայտ մեկը ներմուծել էր: 

Բայց տոնը, քանի որ լուրջ կոմերցիոն շահույթ կարող էր բերել արդեն նոր պահանջարկներ ու առաջարկներ ունեցող հասարակությունում, չշտապեց մոռացվել՝ այսինքն չթողեցին մոռացվելու. Այսօր ողջ աշխարհում այս տոնը բերում է հսկայական եկամուտներ. իսկ մի՞թե նյութական շահույթ ենթադրող ինչ-որ բան կարող է կապվել վեհ, հոգևոր արժեքների հետ...հատկապես սիրո...
Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ուզում եմ ուրախությամբ նշել, որ եկեղեցին աստիճանաբար կարողանում է «Վալենծինամանիան» վանել մեր ժողովրդի միջից և վերականգնել դարերով մեր ժողովրդի մեջ արմատացած Ս. Սարգսի տոնի ավանդույթները: 

Սուրբ Սարգիսն ու հայը
Շատերն ասում են, թե ինչ կապ ունի օտար զորավարը մեզ հետ՝ անգամ չծանոթանալով տոնի նաև պատմական արմատներին. ասեմ, որ ունի ու սերտ:
ՀԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ ՍՐԲՈՑՆ ՍԱՐԳՍԻ ԶՕՐԱՎԱՐԻՆ ԵՒ ՈՐԴՒՈՅ ՆՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԵՒ ՉՈՐԵՔՏԱՍԱՆ ԶԻՆՈՒՈՐԱՑՆ
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ:
Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:
Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:
Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Ս. Սարգիսը հայերիս մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել