Ilur.am-ը գրում է.
Հերթական անգամ «հերոսացած» ՀՀԿ ջահելները ցայտնոտի մեջ են հայտնվել. սոցիալական ցանցերում՝ երեկ ուշ երեկոյան սկսել են հերթական «գրոհը»: Մեկ անձնական նամակագրությամբ այս կամ այն օգտատիրոջը խնդրում են հեռացնել երեկվա դեպքերի «հերոսների» լուսանկարները, մեկ՝ սպառնալիքներով լի ստատուսներ են գրում այն կայքերի մասին, որոնք լուսաբանել են իրենց «հերոսությունները», մեկ` իրենց «երիտառաջնորդի» բերանով հայտարարում են` այո, էդ մենք էինք ու էլի կանենք, եթե պետք լինի: Իսկ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են «հերոսները» խառնվել իրար:
Բացատրությունը շատ պարզ է:
Բանն այն է, որ երկար տարիներ իշխանությունը վարել է ԲՈՒՀ-երն իշխանությունների «պաշտպանների ու հլու հնազանդների» դարբնոց դարձնելու, երիտկարիերիստներ բուծելու, «ուսանողները պետք է իշխանությունների կողքին լինեն» քարոզչությունը ակտիվորեն տարածելու, ուսխորհուրդները բացառապես ՀՀԿ-ականացնելու քաղաքականություն: Մեսիջը, որ այդ քայլերով հղվում էր ուսանողներին` շատ պարզ էր. եթե ցանկանում ես կարիերա անել՝ պետք է լինես իշխանության կողքին, եթե բարեկեցիկ կյանք ես ուզում՝ պետք է լինես իշխանության կողքին, եւ ի վերջո` եթե ձգտում ես «լավ տղա» լինել, պետք է լինես իշխանության կողքին: Ու ոչինչ, որ այդ իշխանության կողքին լինելը նշանակում էր ընդամենը Կարեն Ավագյանի հետ փուչիկներ բռնել, Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ ֆոն ծառայել, կրծքով պաշտպանել իշխանություններին՝ նրանց «չոռ» ասողներից, «մասսովկա» ծառայել տարոնմարգարյանների նախընտրական հանդիպումների ժամանակ, եւ այդ ամենի դիմաց՝ հաջողացնել լուսանկարվել այս կամ այն չինովնիկի հետ եւ այդ լուսանկարները ցուցադրել սոցիալական ցանցերում: Կարեւորը նրանց համար այն էր, որ ուսանողների շրջանում «վախ սփռեն». «Կամ հեռու ես մնում քաղաքական գործընթացներից», կամ՝ «իշխանության հետ ես լինում»: Նրանք, ովքեր իշխանության հետ են` «լավ տղերք» են, նրանց թուրը ԲՈՒՀ-երի ներսում աջուձախ կտրում է, նրանք են մասնակցում բոլոր կարեւոր իրադարձություններին, «յուղոտ» սեմինարներին ու գործուղումներին, հաջողացնում են` բանակի երես չտեսնելով, դառնալ հայրենասեր, կարիերա անել, լավ հագնվել ու ապրել բարեկեցիկ: Մի խոսքով՝ չաղ ու բախտավոր լինել եւ խնդիրներ չունենալ:
Մինչեւ վերջերս, ԲՈՒՀ-երի ներսում այս քարոզչությունը որոշ չափով աշխատում էր: Բայց ինչ-որ պահից սկսած, այս քարոզչության անիվներն սկսեցին լավ չաշխատել: Ամեն ինչ սկսվեց «ախալքալակցիների» զորքից, հետո՝ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ աչքի ընկած սաքուլիկներից, ապա՝ իր կուլմինացիային հասավ երեկ՝ հայկուլիկների «հերոսություններով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ