Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում էր, որ կատարում էր հայ եկեղեցականությունը հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար: Եվ այսպես էր, որ հայ ժողովուրդը, մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում էր մի կրոնական համայնքի, որի առանձնահատուկ, ընդմիշտ դրոշմված և անջնջելի անունն էր` Գրիգորից ստացած լուսավորչականություն: Այս միայն անուն չէր, այս սպառիչ բովանդակություն էր, որ փաթաթում, ծրարում էր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ: Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ և տոկունությամբ լուսավորչական էր իր հոգևորականության հրամանով: Չկար զոհվելու և ոչ մի եղանակ, ոչ մի չափ ու աստիճան, որ հայ կղերը չպահանջեց հայ ժողովրդից` լուսավորչականությունը պահպանելու համար: Եթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից, ամենամեծ աղետն այն էր, որ նա պարտավոր էր լինել լուսավորչական, չէր կարող լուսավորչական չլիներ: Այս էր հիմքն այն քաղաքականության, որ հայ կղերը ժառանգել էր Լուսավորչի տոհմից` գործադրելու համար ոչ միայն երկրի ներսում, այլ առավելապես և ստիպողաբար արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, որի կղերական մենաշնորհ դարձնողն ու իր եկեղեցուն ավանդողը եղել էր, ինչպես տեսանք, ինքը Գրիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը:
Լեո. «Հայ կղերական դիվանագիտություն»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել