«Մի քանի տեղ կարդացել եմ. հեսա Սոչիի Օլիմպիական խաղերը կավարտվեն, և Պուտինը կզբաղվի Ուկրաինայով և Հայաստանով։ Ուկրաինայում հօգուտ Ռուսաստանի իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն «մարտի 1»-ի ոճով «սահմանադրական կարգը հաստատելով», ինչին Յանուկովիչը կարող է և համաձայնություն չտալ, դժվար թե ցանկանա իր վրա նման խարան վերցնել։ Մնացած բոլոր դեպքերում Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը՝ անկախ նրանից, թե ինչ են ուզում կամ ինչ են պայմանավորվում այդ երկրի քաղաքական գործիչները։ Ուկրաինայի քաղաքացիներն ապացուցեցին, որ անկախ պետություն ունենալն իրենց համար կարևոր է։
Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար դա էական նշանակություն չունի։ Այդ մեծամասնությունը չի կարևորում ոչ միայն անկախ, այլև պետությունն առհասարակ՝ պատմականորեն է այդպես դասավորվել։ Մեզ մոտ կարևորում են, որ «թագավորն ու աղաները ժողովրդին լավ նայեն»։ Հենց այդ պատճառներով «Հայաստանով զբաղվելու» կարիքը մեր ռազճավարական գործընկերը չունի։ «Զբաղված» պրծած է։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքական այս կամ այն շահն ունեցող մարդիկ Ռուսաստանի համար «զբաղմունք» են հնարում։ Եվ ահա՝ ենթադրվում է, որ Օլիմպիադայի ավարտից հետո Պուտինը «գործից հանելու է» ՀՀ վարչապետին և կառավարությանը, որովհետև նրանք թեև «ստախանովյան տեմպերով» պատրաստում են Մաքսային միության փաստաթղթերը, սակայն հոգու խորքում հավանաբար, շատ-շատ խորը «եվրոպամետ են»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: