Այստեղ հառնում են Հայաստանի ամենաբարձր լեռները. Քաջքարը մեր երկրի քարե տանիքն է, որտեղ դարեր առաջ Հայկը հաղթել է Բելին։ Ու դա առասպել չէ՝ ճակատամարտից առաջ մեր նահապետը ելել է այս նույն լեռներն ու ընդերքից հորդացող պաղպաջուն գետի մեջ սուզել երեքթեւյան նետերը։ Յոթ օր, յոթ գիշեր հետո, երբ հանել, ջրդեղել է բարկ արեւի տակ ու արձակել լայնալիճ աղեղով, նետերը օձի նման շաչել, որձաքարերին դիպչելով` շանթեր են արձակել… Հենց այդ գետն է, որ լեռներից հովիտ գահավիժելով` կտրուկ խոտորվում, թեքվում է Ճորոխ։ Դրա համար էլ Խոտորջուր է կոչվում։ Առաջ գետի ափին նույն անունով միայն մի փոքրիկ գյուղ կար, որը Մամիկոնյանների տոհմական ամառանոցն էր, հետո աստիճանաբար թաղերը մեծացան, թաղերը բաժանվեցին, Ճիճապպղ, Կարմրիք, Միջնթաղ, Խանդաձոր, Մոխորկուտ անուններով գյուղեր կազմեցին։ Քարտեզի վրա իզուր մի փնտրեք, չեք գտնի, չկան այլեւս այդ շեն ու շենշող բնակավայրերը։ Մինչեւ վերջերս կար միայն խոտորջուրցի Վահան Հուլունյանը, որը սահմանամերձ Արաքս կայարանի իր տան տանիքին հեռադիտակ էր հարմարեցրել, հեռվից գոնե բնօրրանն էր տեսնել ուզում, չէր կարողանում։ Վերջը չհամբերեց, այսպիսի նամակ գրեց թուրքական Հունուտ գյուղի Ալի բեկին, որն իրենց Միջնթաղի տանը շատ էր հաց կիսել, հոր հետ մի քանի անգամ Ռուսաստան էր գնացել-եկել։
«Ալի բեկ, քո աստծու սիրուն, քո զավակների սիրուն, մի գիր ուղարկիր իմանամ՝ մեր տունը, այգին ի՞նչ եղան, վանքի գմբեթը հո չի՞ խոնարհվել, հանգստարանի խաչքարերը կանգո՞ւն են։ Թե նեղություն չի, նամակիդ մեջ մի պտղունց հող դիր, որ երբ մեռնեմ, աչքերիս ցանեն, նոր թաղեն»։
Ալի բեկը ողջ չէր, նամակին այսպես պատասխանեցին նրա որդիները, թոռները։ Գեղովի.
«Տո անամոթ հայեր, դեռ երես ունեք ձեր տունն ու այգին ե՞ք հիշում։ Ձեզ ի՞նչ էր եղել, որ մեզ էսպես փերուշան թողեցիք, գնացիք։ Թրքանայիք, մնայիք էլի։ Հեչ չմտածեցի՞ք, թե ով պիտի բանեցնի ձեր ջաղացները, մեր երեխաների համար չիր ու պաստեղ ո՞վ պիտի չորացնի։ Որ էդպես է, էդպես, էլ ձեր գյուղերի անունները չտաք, չհիշեք։ Մի պտղունց հո՞ղ, իսկի փուշ չենք ուղարկի, որ աչքներդ մտցնեք»։
Խոտորջուրցի կանայք, որոնք բոլորն էլ Հայկ նահապետի զարմից էին սերում, տղամարդու պես լայնաթիկունք, հաղթանդամ ու հաղթահասակ էին, կանխազգում էին, որ իրենց բնօրրանն էլ չեն տեսնելու։ 1915 թվականի հունիսի 11-ին, երբ նորածիններին փայտե օրորոցները դրին ու շալակներն առած տարագրության ճամփան ընկան, հենց Խոտորջուրը սուզվեց ամպերի, սարերի մշուշում, չդիմացան՝ այդ տղամարդ-կանայք փլվեցին, փղձկացին, մի ձայնի երգեցին.
- Մնաս բարով, սիրուն Խոտորջուր,
Մնացեք բարով, սարեր ու ձորեր,
Ժամեր, մատուռներ,
Տուն ու թոնիրներ…
Քաջքարը լսում ու չէ՛, չէր ճաքում, Ճորոխ գետի վարարած ջրերը չէին ցամաքում։
Ուղեկցող զինվոր-ոստիկանները միայն հրամայեցին օրորոցները կռնակներից իջեցնել ու ասացին.
- Որ էդպես սրտալի երգում եք, հիմա էլ հանվեք, պորտապարով մնաս բարով արեք ձեր շեներին։
Կարդացո՛ղ, կարող է զարմանաս՝ բա էդքանի մեջ մի հայ տղամարդ չկա՞ր, որ քար վերցներ, գոնե քարով պաշտպաներ իր ազգի կանանց պատիվը։ Չէ՛, չկար, համարյա չկար։ Խոտորջուրի ուստրերը հենց 13-ը բոլորում, Ռուսաստան էին պանդխտում, Թիֆլիսի, Ռոստովի, Դոնբասի, Խարկովի փռերը բանեցնում։ Նրանց թխած հացը նմանը չուներ, համով, հոտով, անգամ տեսքով հիացնում էր։ Խեղճերը ամբողջ օրը, ընդ որում՝ նաեւ գիշերը, բարկ քուրաների առաջ խանձվում ու հենց մի քանի կոպեկ հետ էին գցում, կարոտած գյուղ էին շտապում։ Այդպես Խոտորջուրի փողոցներում մերթընդմերթ տղամարդիկ էին հայտնվում՝ իրենց հետ բերելով ռուսական երկարաճիտ կոշիկներ, ինքնաեռներ եւ այլն։
Նրանք, երբ տեղահանության լուրն առան, չսպասեցին անգամ, որ տաշտերի խմորը թթվի, Փոթի շտապեցին՝ գլուխները էս քարին, էն քարին խփեցին, Սեւ ծովը կտրել չհասցրին։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվել էր, սահմանով իսկի ծիտ չէր կարողանում անցնել. ո՞վ էր հային բանի տեղ դնում։ Լաց եղան նրանք տղամարդու ծանր լացով, վհատ, հուսաբեկ հետ դարձան։
Ու չիմացան, թե ինչպես խոտորջուրցի կանանց քարավանն ուղեկցող, ավելի ճիշտ՝ տանջամահ անող զինվոր-ոստիկանները ողջ-ողջ թաղեցին 13-ամյա՝ Տիրամոր նման գեղեցիկ Մագթաղինե Սանոյանին, քանի որ աղբյուրների մոտ անգամ արգելում էին ջուր վերցնել, մայրերը երեխաների մեզը թիթեղյա ամանների մեջ հավաքեցին, խմեցին, Եփրատի կամուրջն անցնելիս, պատիվներն անարատ պահելու համար նրանք նախ դեռատի դստրերին գետը հրեցին, հետո իրենք խաչ հանեցին, հետեւներից նետվեցին։
Այս ամենն ի՞նչ էին, սակայն, այն արհավիրքի համեմատությամբ, որ պատմեց զինադադարից հետո արաբ բեդվինի տարազով Թիֆլիս հասած Կառլոս Չախալյանը։
Ուրֆայի մոտերքում էր, բարկ ավազից անտեսանելի կրակ, բոց էր բարձրանում։ Ինչպես Սինայի անապատում անկեզ այրվում էին մորենիները։ Խոտորջուրի առնական կանայք, սմքել, սեւացել, կծկվել էին կողք կողքի։ Փրկության ոչ մի հույս չէր մնացել։ Քարավանի ամենածեր կինը՝ Մարուզ մամիկն անգամ, որ իրենց զովասուն լեռներից մինչեւ այդ անջրդի հովիտները բոլորին գոտեպնդել, հղիներին տատմերություն էր արել, հիվանդներին խոտերով ու բույսերով բուժել, լաչակը քաշել էր գլխին, պապակ շուրթերով աղոթում էր։ Ինչո՞ւ Աստված չէր առնում հոգին, որ չտեսներ, թե ինչպես է վերանում, անապատի ավազներին խառնվելով անէանում Խոտորջուրը։ Հանկարծ նրան թվաց, թե ընդերքը դողաց։ Դժվարությամբ հետ տարավ լաչակը, չհավատաց աչքերին։ Վերջալույսի արնագույն բոցերի միջից, թիկնազորով շրջապատված, մի հրեղեն ձիավոր էր մոտենում։
-Ղանջըղնե՛ր,- իրար անցան, խզակոթերով կանանց հրհրեցին, ոտքի հանեցին զինվոր-ոստիկանները,- գլուխ տվեք, երկրպագեցեք, Ջեմալ փաշան՝ մեր ծովային նախարարն ու Հարավային ճակատի գերագույն հրամանատարն է անցնում։
Թիկնազորը կանգ առավ։ Ջեմալը հեծել էր արաբական ճերմակ երիվարն ու ստեպ-ստեպ զնգացնում էր արծաթե ասպանդակները։ Նայեց, նայեց նրան Մարուզ մայրիկն ու մեկ էլ գլխի ընկավ՝ սա է հենց այն պահը, որ պիտի որոշի Խոտորջուրի լինել-չլինելը։ Լաչակը քանդեց, ճերմակ մազերը ոսկրացած այտերն ի վար թափեց, չոքեչոք Ջեմալին մոտեցավ.
-Փաշա՛,- ասաց,- քո ոտն ենք ընկել, գութն ենք աղերսում, թույլ տուր դառնանք մեր տները։ Մենք կինարմատ ենք, որ տեղով կրակ էլ կտրենք, ի՞նչ կարող ենք անել։ Խղճա…
Ջեմալը վերից վար չափեց մոր տարիքի կնոջը, խոհերի մեջ ընկավ։ Հետո ոսկեհյուս մտրակով քորեց ականջի հետեւն ու ժպտաց անհասկանալի, անբացատրելի ժպիտով։
- Քավթառ ջադու,- հանկարծակի մտրակը ծեր մամիկի դեմքին շաչեցրեց նա,- կարծում ես` միտքդ չե՞մ հասկանում, չգիտե՞մ, որ ձեր ամուսինները կռվում են Անդրանիկի բանակում։ Ուզում եք ողջ մնաք, տուն գնաք, որ էլի հայ լակոտնե՞ր ցնկնեք։ Օձի էգն ու արուն չի լինում, հայ կանայք մեզ համար նույնքան վտանգավոր են։
Նա մտրակը բարձրացրեց, որ մի անգամ էլ խփի, բայց նկատեց ձիու սմբակների տակ լճացող արյունն ու Դեր-Զորի ճամփան ցույց տվեց.
- Տարեք, բոլորին տարեք…
Զինվոր-ոստիկաններն իրենց Դեր-Զոր հասնելու նեղություն էլ չտվին, հենց Ջեմալ փաշան հեռացավ, վրա հասան, անզոր, անպաշտպան կանանց մորթոտեցին, խաչեցին, ցիցը հանեցին։ Ոչ ոք չփրկվեց…
Համբերիր, ընթերցո՛ղ, այս ամենն այսպես չվերջացավ, եւ ոչ էլ Ջեմալ փաշայի արածն իրեն մնաց։
Կառլոս Չախալյանի պատմությունից հետո Թիֆլիսի խոտորջուրցի փռապանները ուրվականների պես էին շրջում, իրենց անգամ իրենց կանանց արժանի չէին համարում։ Նրանք մեռել, բայց կարողացել էին պատվով մեռնել՝ ամեն ինչից զրկվելուց հետո ինչո՞ւ էին իրենք ապրում, չէին հասկանում։
Վերջապես հասկացան։
Շատ ժամանակ չանցավ, ու Քաբուլից Մոսկվայի վրայով տուն վերադառնալիս Ջեմալ փաշան որոշեց մի քանի օր Թիֆլիսում մնալ։ Նա շատ էր լսել վրաց գեղեցկուհիների, Կախեթի գինու, գուսանների հուզաթաթավ երգի մասին։ Աշխարհն ո՜ւմ էր մնացել, որ իրեն մնար՝ փաշայի սիրտը քեֆ, ուրախություն էր ուզում։ Այդ մասին առաջինը Օգոս Սչանյանն իմացավ ու առավոտ շուտ Պողոս Պողոսյանի փուռը խուժելով, սովորական բարեւ-բարի լույսի փոխարեն, վրա տվեց.
- Հայրենակիցնե՛ր, ավետի՛ս։
Հացթուխները գլուխներն անգամ չբարձրացրին։ Ի՞նչ լուր պիտի լիներ, որ իրենց տրամադրությունը փոխեր։
- Հասկացե՛ք,- Օգոսի ձայնը միանգամից ցածրացավ, խորհրդավոր դարձավ,- որսը երկու ոտքով թակարդն է ընկել։ Ջեմալ փաշան Թիֆլիսում է։
- Ոնց թե,-փռապանները ցնցվեցին, նայեցին իրար, չհավատացին։
- Հաստատ եմ ասում, ու եթե բան է, ձեռքներիցս պրծացնենք, պիտի լաչակ կապենք, Քուռն ընկնենք։
- Ուրեմն՝ խոհեմ վարվենք,- Գեւորգը, որ տարիքով ամենից մեծն էր, արագ փակեց դուռը,- բոլորս էլ վրեժ ունենք, գիշերը ժողովի նստենք, ինչ որ անելու ենք, միասին անենք։
- Ինչի ժողովի նստենք, սնդավենք վերջանա,- Խոտորջուրի բարբառով կարճ կտրեց Արտաշես Գեւորգյանն ու կապտելու աստիճան սեղմեց բռունցքները։
- Սնդավենք,- արձագանքեցին բոլորն ու կապտելու աստիճան սեղմեցին բռունցքները։
Կեսգիշերին տասներեք հոգի լուռ, աննկատ, Սերոբ Դուրլարյանի փուռը մտան։ Բոլորն էլ ճերմակած մազեր, խորշոմած այտեր ունեին, բայց տարիքով մեծ չէին։ Խոտորջուրցի հացթուխները միանգամից այդպես ծերացան, երբ հասկացան, թե ինչ են կորցրել աշխարհում։ Բովտան մարմրող լույսերի ներքո նրանք իրենց ուխտը վավերացրին, հանձնարարականներ ստացան, պարտականություններ ստանձնեցին ու համբուրվելով՝ աներեւութացան խավարում։
Այսինքն` ոչ միայն նրանք, եթե Անդրանիկի կամավորական բանակի բոլոր խոտորջուրցիներն էլ հավաքվեին, ի՜նչ պիտի անեին։ Ճիշտ է, Ջեմալ փաշան նույնիսկ մտքով չէր անցկացնում, որ աշխարհում ողջ խոտորջուրցի է մնացել, բայց վերջերս մի անբացատրելի վեհերոտություն էր ծվատում հոգին։ Ինքն իրեն չէր խոստովանում, բայց սկսում էր վախենալ եւ այն էլ ումի՞ց՝ հայերի ուրվականներից, որոնց հարավային ռազմաճակատում ընդունել, ստույգ մահվան էր ուղարկել։ Անխտիր բոլորին էր ուղարկել, դրա համար չէր հասկանում, թե ինչպե՞ս են հարություն առնում, երկրե երկիր իրենց հետեւում, Թալեաթ փաշային պատուհասում Բեռլինում, Սայիդ Հալիմ փաշային՝ Հռոմում, Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին□Մեկ տարվա ընթացքում յոթ վրիժառություն։ Բա դա կոտորված ազգի արարմո՞ւնք էր։ Հետո ի՞նչ, որ Իթթիհատի այդ նույն պարագլուխներին մահապատժի էր դատապարտել Թուրքիայի ռազմական գերագույն ատյանը։ Հայերը չէի՞ն հասկանում, որ գերագույն ատյանի որոշումներն էլ են ձեւական։ Չէ՛, Ջեմալ փաշան այդքան միամիտ չէր։ Նա համարյա չէր իջնում կառքից, թիկնապահից՝ մեղա՜, մեղա՜, արտաքնոցում անգամ չէր բաժանվում եւ նույնիսկ անձնական քարտուղարին տվյալ օրվա ծրագրերը նախօրոք չէր տեղեկացնում։ Խե՜ղճ խոտորջուրցիներ, տասներեք հոգով փուռերը անտեր, հաճախորդներին անհաց թողած, ամբողջ օրը հեւիհեւ հետապնդում էին ճիվաղին, գիշերները հուսախաբ անկողին մտնում։ Էլի մեջների ճարպիկը Կառլոս Չախալյանի եղբայրն էր՝ Գրիգորը։ Նա Թիֆլիսում քեմալական Թուրքիայի հյուպատոսական կցորդ Նուրէդդին բեյի հետ նույն՝ Վելիամինովսկայա փողոցի թիվ 22 տանը, կից սենյակում էր ապրում ու ամեն գիշեր ականջը դռանը կպցնում, հարբած դիվանագետների բաժակաճառերն էր լսում։ Այդպիսի մի շատախոսության ժամանակ իմացավ, որ փաշան ցանկություն է հայտնել հրաժեշտի երեկոն ճոպանուղու բարձրադիր ռեստորանում անցկացնել…
Արտաշես Գեւորգյանն ու Պետրոս Տեր-Պողոսյանը վերջին անգամ Համբարձում Պալճյանի բերած «Նագան», «Կոլտ», «Պարաբելում» ատրճանակները փորձարկում, «Մաուզերներն» են ընտրում։ Օրը, հուլիսի 21-ը՝ ուրբաթ, թուրքերի կիրակին էր։ Երկու խոտորջուրցի նույն ռեստորանում սեղան վարձեցին, ձեւացրին, թե ուտում-խմում են, բայց հայացքները ոչ մի ակնթարթ Ջեմալից չհեռացրին։ Մյուսները դիրք էին մտել ճոպանուղուց թուրքական հյուպատոսարան ձգվող ոլորանի բոլոր շրջադարձերում։ Բայց որտե՞ղ սնդավեին անմեղ հայ կանանց, մանուկների դահճին՝ հենց ռեստորանո՞ւմ, ճոպանուղու վերջին կայանո՞ւմ, թե՞ Դանովսկայա փակուղում։ Ամենահարմարը՝ ոչ բանուկը, իհարկե, թուրքական հյուպատոսարան տանող Պետրոս Մեծ փողոցն էր, բայց այնտեղ էլ ցցված էր չեկայի շենքը, որի շրջակայքում միշտ տեսանելի ու անտեսանելի գործակալներ էին վխտում։
Ջեմալի տրամադրությունը բարձր էր։ Ողջերթի խնջույքը վաղուց ավարտվել էր, բայց նա որոշում է ճոպանուղու բարձունքից վերջին անգամ դիտել գիշերային Թիֆլիսը, նորից կոնյակ է պատվիրում։ Ու հասկանալի է՝ շաղակրատում է Քաբուլում վարած բանակցությունների հաջողության, մահմեդական երկրների մոտակա միավորման, թուրանական խալիֆայության ստեղծման մասին, որտեղ իրեն սուլթանի, առնվազն վեզիրի պատմուճանով է պատկերացնում։ Ի վերջո անձնական քարտուղարին կարգադրում է հաշիվը փակել ու հաճույքի համար ճոպանուղի է նստում։ Դիրքապահներն իսկույն վարձում են քաղաքային կայանի բոլոր կառքերը, որպեսզի Ջեմալը ոտքով հասնի հյուպատոսարան։ Ճոպանուղուց երեք հոգով են դուրս գալիս։ Առջեւից, անընդհատ շուրջը նայելով, քայլում է թիկնապահը, ետեւից, քարտուղարի հետ թեւանցուկ զրուցելով՝ Ջեմալը։ Անցնում են Պուշկինյան պուրակը։ Ալեքսանդր Նեւսկու տաճարը։ Երմոլովյան վերելքը։ Հենց մտնում են Պետրոս Մեծ՝ ոչ բանուկ փողոցը, Արտաշեսն ու Գեւորգը հանդիպակաց մայթից արագ-արագ առաջանում, անցումը կտրում, ընդառաջ են ելնում։ Ջեմալը հարբածությունն իսկույն թոթափում, ձեռքը գրպանն է տանում։
- Մի՛ շտապիր, փաշա՛,- հանգիստ ասում են խոտորջուրցի վրիժառուները,- հիշիր Ուրֆան, Ռաքքան, Դեր-Զորը։ Չե՞ս ուզում հիշել։ Հիմա կհիշես…
Չեկայի շենքի առջեւ էլ որոտում են ատրճանակները։ Ջեմալն ընկնում է, ու նրա դեմքին ուրվագծվում է այն ժպիտը, որ ուրվագծվել էր Ուրֆայում, երբ Մարուզ մայրիկը ծնկաչոք խնդրել էր խնայել իրենց կյանքը։ Հենց այդ ժպիտն է մնում փաշայի դեմքին, սառչում։ Ու մինչ չեկայի գործակալները փողոց կնետվեն, վրիժառուները խավարը ճեղքում, խառնվում են Երեւանյան հրապարակի խուճապահար բազմությանը, տարակուսանքով հարցնում.
- Այս ի՞նչ իրարանցում է, ի՞նչ է պատահել…
Հետո տարբեր ճանապարհներով տուն են գնում, նշում «իրադարձությունը»։
♦♦♦
Չեկայի պատասխանատու աշխատակից Վանյա Գեւորգովը տարիներ անց պիտի խոստովաներ.
- Ես ում ասես կկասկածեի, բայց որ խոնարհ ու անշառ խոտորջուրցի հացթուխները նման չբացահայտվող ահաբեկչություն կձեռնարկեն, մտքովս էլ չէի անցկացնի…
Բռնարարքից հետո նա, իհարկե, խորհրդային նոր ձեւավորվող Միության, Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները չսրելու, ամենազոր ու ամենատես չեկայի համբավը չարատավորելու համար անխնա ձերբակալում, հարցաքննում էր ազգայնականի համարում ունեցող հայերին, անգամ նրանց կանանց, դպրոցահասակ երեխաներին։ Երբ Մետեխին անմեղ հայերով է լցվում, Արտաշես Գեւորգյանի խիղճը տանջում է, ինքնակամ ներկայանում է Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյանին։
-Ընկեր Մյասնիկյան,- խոստովանում է նա,- Աստծուց թաքցնեմ, ձեզնից ի՞նչ թաքցնեմ, իմ պատճառով անտեղյակ մարդիկ են բանտ ընկնում, խորհուրդ տվեք, ինչպե՞ս վարվեմ։
Մյասնիկյանը վեր է կենում, ներսից կողպում է առանձնասենյակի դուռը։ Հետո մոտենում, ձեռքը դնում է Արտաշեսի ուսին, շշնջում.
-Նորություն մի՛ ասա, գնա՛ Ռուսաստան, մի քանի տարի մի երեւա։ Բանտարկվածների մասին չմտածես, շատ չենք պահի։ Թուրքիայի աչքին թոզ պիտի փչե՞նք, թե չէ…
Ցավոք, ցեղասպանությունը դրանով էլ չավարտվեց, այն, ինչ թուրքերը չհասցրին անել, արեց Ստալինը։ Նախ ինքնաթիռի աղետ սադրեց, վերացրեց Մյասնիկյանին, հետո բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Ջեմալի վրիժառությանը, գնդակահարեց, մյուս խոտորջուրցիներին, անկախ այն բանից, Թիֆլիսում էին ապրում, Դոնբասում, թե Երեւանում, ամենաքիչը տասնհինգ տարով Սիբիր աքսորեց։ Արտաշես Գեւորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, մյուսները, չնայած հետմահու արդարացվեցին, բայց գերեզման չունեցան։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ իմ, քո նահատակ ու վերապրող հայերի երախտիքն եմ ուզում արտահայտել, ընթերցո՛ղ, ծաղիկներով Ծիծեռնակաբերդ եմ բարձրանում, հուշահամալիրի խոնարհման պատին, որն ինձ թվում է` հենց այդ նպատակի համար է դատարկ թողնված, նրանց անուններն եմ փնտրում։
Փնտրում ու չեմ գտնում։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ


Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2014/02/blog-post_6279.html#ixzz2t6F45b5E

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել