«Գազպրոմ Արմենիան» հերքելու փոխարեն լավ կանի` ազնիվ աշխատիIrates.am-ը գրում է.

Անցած տարվա դեկտեմբերի անսպասելի ցրտերին հայաստանցիները բողոքում էին, որ բավականին շատ գազ և էլեկտրաէներգիա են օգտագործում, սակայն տները չեն տաքանում: Ինքս էլ սեփական փորձով գիտեմ, որ իմ օգտագործած էլեկտրաէներգիայով չեմ կարողացել տունը տաքացնել, այն դեպքում, երբ այս տարվա ծախսածի կեսը միայն օգտագործելով մեր տանը 19-20 աստիճան էր նախորդ տարիներին: ՈՒրեմն ո՞րն է խնդիրը:

Այսօր` փետրվարի 11-ին, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, թե նախկին «ՀայՌուսգազարդի» և այսուհետ` «Գազպրոմ Արմենիայի» մի աշխատակից իրենց է տրամադրել մի սարքի լուսանկար, որով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է, իսկ ծավալը` ավելանում: Ընկերությունը շտապել է հերքել այս տեղեկությունը: Ի դեպ, գազի օրինակով էլեկտրաէներգիայից հասկացողները պնդում են, որ Հայաստանում, առավելապես ձմռան ամիսներին, հոսանքի լարումը նվազեցվում է և ստացվում է, որ հոսանքը ծախսում ես շատ, տաքանում` քիչ: Այս առումով էլ սեփական փորձով նկատեմ, որ նույն էլեկտրական օջախը ամռանն ավելի ուժեղ է տաքանում, քան ձմռանը: Վստահ եմ, որ եթե նույն հարցն ուղղվի էլեկտրաէներգիայի պատասխանատուներին, սրանք էլ կհերքեն հոսանքի լարումը թուլացնելու հնարավոր փաստը: Նկատենք, որ պատկան մարմինների հերքումները իրականում ավելորդ են, քանի որ յուրաքանչյուր ոք ունի իր փորձը գազի կամ հոսանքի օգտագործման առումով: Ինչ վերաբերում է այս տարվա ցրտի աննախադեպ լինելը փաստարկողներին, 2003-ին նույնպիսի ձմեռ էր` Երևանում ցերեկը 17 աստիճան ցուրտ էր, գիշերները` մինչև 25, և այն ժամանակ հոսանքի ծախսի ու տան ջերմաստիճանի անհամապատասխանություն չենք զգացել: 
Հայաստանի բնակիչները լավ գիտեն, թե ինչի են ունակ սպասարկման կառույցները հնարավորինս շատ եկամուտ ստանալու համար: Եվ «Գազպրոմ Արմենիան» լուրը հերքելու փոխարեն լավ կանի` ազնիվ աշխատի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել