Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը գնալով ավելի մեծ թափ է առնում: Թե սկզբնական շրջանում պայքարը ձևավորվում էր «ԴԵՄ ԵՄ - ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» հասարակական շարժման ակտիվիստների շուրջը, այժմ արդեն մենք տեսնում ենք ինքնաբուխ բողոքի ակցիաներ տարբեր կազմակերպությունների, պետական և ոչ պետական հաստատությունների աշխատակիցների կողմից: Մարդկանց բողոքը շատ հստակ է` կոչ կառավարությանը կա՛մ կասեցնել օրենքի կիրառումը, կա՛մ հետաձգել, կա՛մ էլ բարձրացնել աշխատավարձերն այնքան, որ հնարավոր կլինի կփոխհատուցել կենսաթոշակային համակարգի համար պահանջվող պահումների չափը:
Այսպիսով, երեկ պարզ դարձավ, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծրագրված Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը տապալվել է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում ներդրվող պարտադիր բաղադրիչի պատճառով: Այլ կերպ ասած, երբ մարդիկ տեղեկացել են, որ արվել են համապատասխան պահումներ, նրանք հրաժարվել են մասնակցել նախապես ծրագրված ներկայացմանը և միացել են «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին: Երեկ սրան զուգահեռ տեղի ունեցավ մեկ այլ ցույց և այս անգամ արդեն բողոքում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները: Նրանք գնացել էին իրենց վարչական շենքի դիմաց և բողոքում պահումների առիթով։ Նրանց թիվն, ըստ որոշ տվյալների, հասնում էր շուրջ 60-ի։
Ավելի վաղ, ինչպես հիշում եք, պայքարը սկսեց ծավալվել նաև մարզերում` մի շարք խոշոր քաղաքներում: Սա կարծես կամաց-կամաց նմանվում է ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին, որը մեկնարկեց նախորդ տարվա ամռանը և դարձավ մեր քաղաքացիական հասարակության մեծագույն հաղթանակներից մեկը: Կարծում եմ՝ եթե այս պայքարը գնալով ավելի ընդգրկուն դառնա և կարողանա միավորել հասարակության բոլոր շերտերը, ապա իշխանությունները կարող են և գնալ որոշակի զիջումների, սակայն, եթե դա լինի մինչ մարտի վերջ, նկատի ունեմ մինչև ՍԴ կողմից վերջնական որոշման կայացումը, ապա կառավարությունը, պատասխանատվության հարցն իր վրայից հանելու մտադրությամբ, կփորձի ներկայացնել, թե իբր ընթանում է գործընթաց և պետք է սպասել Սահմանադրականի որոշմանը: Փաստորեն, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ լիովին կախված կլինի ՍԴ որոշումից:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը երեկ կոշտ արձագանք էր տվել՝ կապված ԿԲ-ի մեկնաբանության հետ, որտեղ մասնավորապես ասել էր հետևյալը. «ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որևէ մեկին տրված չէ: Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել: Որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ, կշարժվենք՝ եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշխատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»: Հաշվի առնելով նրա պատասխանը՝ կարելի է անել առնվազն երկու եզրակացություն.
1. ՍԴ-ն ապարդյուն փորձեր է անում` փրկելու կառույցը վերջնական ստորացումից, բայց միևնույն ժամանակ, երբ վերջնական որոշումը կայացնելու պահը գա, այն կկայացնի այնպես, որ հնարավորություն կնձեռվի կառավարությանը կիրառել այս աղմկահարույց օրինագիծը.
2. ՍԴ-ն տեղի կտա ժողովրդի կողմից ճնշմանը և իր մեջ ուժ կգնի դեմ դուրս գալ կառավարության կողմից ընդունած օրենքին`ճանաչելով այն հակասահմանադրական:
Հուսանք, որ կլինի երկրորդը և վերջապես կկոտրվի այն կարծրատիպը, որ ՍԴ-ն կառավարության խամաճիկն է:
Հուսանք, որ կլինի երկրորդը և վերջապես կկոտրվի այն կարծրատիպը, որ ՍԴ-ն կառավարության խամաճիկն է: