Որոշեցի գրել: Գիտեմ՝ չես կարդալու, դու շատ զբաղված ես, դու ժամանակ չունես իմ ցնդաբանությունները կարդալու համար, դու առհասարակ կարդալու ժամանակ չունես:
   Բայց քեզ եմ գրում ու իմ նամակում ես չեմ նշում հասցե ու անուն, ես չեմ ուզում, որ փոստատարը քո տան դուռը թակի ու իմ սպրդնած նամակը քեզ տալու համար քո զբաղմունքից հանկարծ շեղի:
  Դու զբաղված ես չգիտեմ ինչով, իսկ ես զբաղված եմ քեզ մոռանալու միակ ձգտումով: Բայց քեզ հիշելը դարձել է այնպիսի բնական պահանջ, ինչպիսին ասես ամեն անգամ ուտելուց հետո խոզանակով ատամները լվանալը: Քեզ մոռանալը նույնն է, ինչ խմել թեյ առանց շաքար կամ էլ նստել տրանսպորտ ու չունենալ հարյուր դրամ:
  Եվ քեզ եմ հիշում. հիշում եմ անգամ փողոցն անցնելիս ու իմ պատճառով կամ քո պատճառով առաջանում է երկա՜ր խցանում: Քեզ եմ ես հիշում լվացք փռելիս ու դեռ կարգին լվացքը չփռած՝ պարանից  արդեն հավաքում եմ չոր հագուստը իմ:
 Ինչ եղավ-չեղավ, թո՛ղ իմ հշելուն, քեզ ինձ հիշելով մի՛ ծանրաբեռնիր, դու զբաղված ես չգիտեմ ինչով, իսկ ես զբաղված եմ քեզ հիշելով: Դե եղավ այն, ինչ-որ եղավ. մենք բաժանվեցինք, բայց բաժանվեցինք ոչ թե երկուստեք զինադադարով, այլ այն երդումով, որ միմյանց հանդեպ քեն ենք պահելու այնքան ժամանակ, մինչև, որ մեզանից մեկը չի եղել ոտնատակ: Բայց արի ու տես, որ մենք երկուսս էլ հաղթող դուրս եկանք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել