Հղիության ընթացքում սեքսով զբաղվել կարելի է, նույնիսկ` ցանկալի: Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ընկերքի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով: Հղիության ընթացքում սեռական կյանքի հաճախականությունը անհատական բնույթ է կրում:

Պետք է նշել, որ հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեռական ակտիվության եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեռական ակտիվության աճ, ընդ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեռական ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել մերձեցումների հաճախականությունը նվազեցնելուն, ինչպես նաեւ դիրքերը փոփոխելուն:

Հղիության ընթացքում սեռական կյանքն օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու ֆիզիկական կապը: Հղիության ընթացքում կինը կարող է անգամ զգալի սեռական հակում ունենալ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ սկսում է սեռական հորմոնների գերարտադրություն: Այդ շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը մեծանում է, ինչի հետևանքով սեռական հակումն ավելի է ընդգծվում:

Որոշ տղամարդիկ խուսափում են  սեռական հարաբերություններից, երբ կինը հղի է`վախենալով վնասել երեխային: Սակայն հարկ է նշել, որ սեռական ակտիվությունը հղիության չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է սահմանափակվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը:

Եթե հղիությունն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, ապա պետք է մոռանալ պտղին վնասելու մտահոգությունից: Ձեր փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Ավելին՝ սեռական  հարաբերությունները դրականորեն են ազդում  կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ավելի ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:

Այդուհանդերձ, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները պետք է ընթանան որոշակի դիրքային սահմանափակումներով: Առավել հարմար է կողքի դիրքը: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը մեջքով նստած է ամուսնու ծնկներին: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին:

Այսպիսով՝ սեքսը հղիության ընթացքում եւ դրանից հետո անհրաժեշտ է, եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ:

 

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել