…Վահագնի   հետ պիտի խոսի հայ մարդը հիմա, Աստվածը հին Հայոց, Աստվածը Արիության և Հաղթանակի: 
ՆԺԴԵՀ

Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ, մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով (ծնունդ, օծում, օջախ, սննունդ, բժշկություն, գուշակություն և այլն)  բացարձակացվելով, հայերի տոնական համակարգում գրավում է հատուկ տեղ` հատուկ օրվա մեջ, որն էլ կոչվում է ՏՐԸՆԴԵԶ:
Տրընդեզը կրակին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ տոն է, նշվում է Ձմեռնամուտի և Գարնանամուտի արանքում՝ փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և ըստ հին հայերի պատկերացումների՝ վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը:
Կարծիք կա, որ հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված է եղել Միհր-Արև աստ­ծուն, քանի որ անմիջականորեն կապվում է կրակի պաշտամունքի հետ։ Հայերն, իրենց համարելով Արևորդիներ` հրածիններ, պաշտել են  և՛ հուր-Արևը, և՛ նրա երկրային տեսակը` կրակը: Դրանով է բացատրվում նաև Միհին նվիրված Մեհեկան ամսանունի ծագումը: Տոնի գլխավոր նպատակը  կրակի միջոցով սառնամանիքների վրա ազդելն ու հմայա­կան ճանապարհով Արևին    զորացնելն է:

 Բացատրություն կա, որ Տրընդեզ նշանակում է դիզված կրակ և որ այն առաջացել է ատր (կրակ) բառից, (որից էլ, օրինակ ծագել են  աթար, ատրճանակ, ատրուշան բառերը) և դեզ (կուտակում, դարսում) բառից:

Տոնի մեր մեկնաբանությամբ, այն կապված է տիեզերական Հուր Աստծո` ՎԱՀԱԳՆԻ ծննդի հետ և իր իմաստով խորհրդանշում է Վահագն-Կրակի հաղթանակը Վիշապ-ձմեռվա նկատմամբ: Տրնդեզից 40 օր հետո արդեն կտոնվի Գարնանամուտը՝ գարնանային օրահավասարը, որպես բնության վերածնունդի կայացում, Անահիտ աստվածուհուն նվիրված  մայրության տոն: Արիական որոշ ժողովուրդների մոտ, այն դեռևս համարվում է Ամանոր:

Արժանահիշատակ է նաև Մ.Օրմանյանի կարծիքը, համաձայն որի Տրընդեզ բառը ծագել է Տիր աստծու անունից, (Տիր+դեզ) և նվիրված է նրան այն պատճառով, որ այդ օրը տարբեր գուշակություններ են արվում: Տոնի մեջ կրակի մի­ջոցով ձևավորված  բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՛ կապված են  ցանքի ու բերքաճի, տարվա տնտեսական հաջողության, սերնդաճության գաղափարների հետ:  Դրա վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների և հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերա­կշռությունն է: ։ Օրինակ, եթե տրնդեզի խարույկի ծուխը քամուց թեքվում էր արևելք կամ հարավ` բարձր բերքատվություն էր սպասվում, թռչունների` երդիկներին դրված փոխինձը տանելու ուղղությունից որոշում էին, թե տվյալ տան աղջկան որ կողմ հարս կտանեն, կամ որ կողմից իրենց օջախ հարս կմտնի: Այդ օրը ծննդականի երկունքի ցավերը մեղմելու համար և հավատալով, որ նորածինը կլինի կրակոտ` ծննդաբերության պահին ծաղկավել էին վառում: Տրնդեզի մոխիրը շաղ էին տալիս մարգերում և գոմերում` բերքատվության, ձվատվության և կաթնատվության ավելացման համար, իսկ նաև կտուրներին` ՙչարը՚ խափանելու նպատակով:
Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին  բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում՝  կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ կարծես, մինչև ծնվելը հայերին հրով օծելու իմաստ է հաղորդում:
Անտիկ ժամանակներում բնականաբար մարդու գիտելիքների մակարդակն այնքան էլ բարձր չի եղել: Դրանք մեծ մասամբ առաջացել են երկարատև դիտարկումների արդյունքում, ինչի պատճառով թեև ցածր են մնացել այն աստիճան, որ մեզ երբեմն թվում են զվարճալի, բայց երբեմն էլ ուղղակի հավատում ենք, հատկապես գնահատելով դրանց խորհրդապաշտական նշանակությունը: Այս ամենը ճիշտ հասկանալու համար պետք է պատկերացնել տվյալ աշխարհաքաղաքակրթական դարաշրջանը, իրադարձությունների կապը, ժամանակի փիլիսոփայությունը, մշակութային զարգացածվածության աստիճանը և այլ գործոններ: Անհիշելի ժամանակներից մարդը բնությունը բաժանելով նաև կենդանի և անկենդան մարմինների,  կենդանիների շատ հատկություններ համեմատելով անկենդան տարրերի հետ, նմանություններ ու օրինաչափոթյուններ հայտնաբերելով` կենդանիներին դասակարգել է նաև ըստ տարիների պարբերությունների: Խոր հնադարում ստացած որոշ պատկերացումներ անփոփոխ պահպանել մինչև մեր օրերը:
Ներկայում մեծ տարածում ստացած Արևելյան տարեցույցի հիմքում` չինական հնագույն պատկերացումներն են երկրային տասներկու կենդանակերպերի տեսքով` Մուկ, Կով, Վագր, Նապաստակ, Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Հավ, Շուն, Խոզ: Կարելի է կապ գտնել չինական օրացույցի և  մեր ազգային ավանդական մտածելակերպի միջև, օրինակ որոշ մասնագետների կարծիքով կենդակերպերով կազմված պարբերաշրջանը նույնպես հայկական ծագում ունի, և ոչ մի ընդհանրություն չկա  քրիստոնեական պատկերացումների հետ` քանի որ իր իմաստով ու խորհրդով` բնապաշտական է: Նոր տարվա կապակցությամբ ասենք, որ Արևելքում այն նույնպես կապված է ԱՐԵՎԱԳԱԼԻ հետ և նշվում է դեկտեմբերի 22-ից հաշվարկված երկրորդ նորալուսնի կեսգիշերին: Չինաստանում Նոր տարին համարվում է գարնան տոն: Տարվա տարերքը կրակն է, ինչը շատ հոգեհարազատ է հայերիս և հիմք է տալիս մեզ զուգահեռներ գտնել Արևելյան նոր տարվա և մեր  ՏՐՆԸԴԵԶԻ հետ: 
Ուրեմն շնորհավոր հայկական Տրնդեզը՝ Գարնան Ավետումը, որն իր մեջ նույնպես Նոր Տարվա բովանդակություն ունի:
ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻե ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել