Newsbook.am-ը գրում է.

Մեր երկրում գրանցվել է իր նախադեպը չունեցող մի իրադարձություն, որը կարող է համաշխարհային պատմության եզակի էջերից մեկը դառնալ: Ցանկացած երկրում բարձրագույն դատարանը կամ որոշումներ կայացնողը հանդիսանում է Սահմանադրական դատարանը կամ Սահմանադիր խորհուրդը: Հայաստանում Սահմանադրական դատարանն է գլխավորը, որի առջև, ըստ Սահմանադրության, անզոր է անգամ երկրի նախագահը:

Սակայն պարզվում է, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է և՛ Սահմանադրական դատարանից, և՛ Ազգային ժողովից: Այնքան բարձր, որ հայտարարում է, թե Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնել կենսաթոշակային կուտակային համակարգին վերաբերող օրենքի կիրառումը, առ ոչինչ է, որ ինքն է որոշում օրենքների սահմանադրականությունը։ Ավելին, Ջավադյանը սպառնում է, որ այդ օրենքի կիրառությունը շատ ավելի է բարդացնելու բոլոր նրանց վիճակը, ովքեր պիտի կուտակային վճարումներ կատարեն։

ա, ըստ էության, պետական պաշտոնյայի կողմից հանրությանը նետված ցինիզմ է, արհամարհանք երկրի գլխավոր դատարանի հանդեպ: Եվ ցավալին այն է, որ ոչ ոք չի արձագանքում, ոչ ոք պատասխանատվության չի կանչում Արթուր Ջավադյանին, որն առանց այն էլ հասել է այն բանին, որ Կենտրոնական բանկը դարձել է առևտրային բանկերի սպասարկուն, մեր արտաքին պարտքի հիմնական միջոցների խժռողը: Մի ողջ պետություն աշխատում է հանուն Ջավադյանի, ուստի նա, երևի, իրավունք ունի նման վերաբերմունք ունենալ Սահմանադրական դատարանի հանդեպ: Զարմանալի է նաև Արդարադատության նախարարի լռությունը, որն այս դեպքում պիտի ոտքի կանգներ և անհապաղ պահանջեր Արթուր Ջավադյանի պաշտոնանկությունը, քանզի բանկիրը ելել է օրենքների, ուրեմն՝ Հայաստանի Հանրապետության դեմ։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել