Ինձ չհիշես...
Կյանքում երբեք չհիշես էլ ինձ,
Լինի անսանձ ուրախություն, թե ամպած թախիծ...

Ինձ չհիշես...
Պատկերը իմ խորթացել է վաղուց...
Եվ քեզ պաշտող սիրտս արդեն ետ է վարժվել սիրուց...

Ինձ չհիշես...
Ես մնացի կյանքի փոշոտ հեռվում...
Հիմա արդեն ճամփիդ վրա այլ երազ է վառվում...

Ինձ չհիշես...
Սակայն եթե ցավը հոգուդ տիրի,
Իմ երգերի թոթովանքը թող դարմանում բերի...

Ինձ չհիշես...
Սակայն եթե կյանքի քամուց ճկվես,
Հոգիս թող քեզ վահան լինի` անխոցելի, անտես...

Ինձ չհիշես....
Հիշիր միայն` ինձ չես կարող հիշել,
Քանզի չեմ թողել քո հոգում արժանավոր հուշեր...
Չեմ տվել քեզ հարստություն կամ ոսկեզօծ կուռքեր,
Որոնց առջև խոնարհվում էր մանուկ սիրտդ անսեր....
ՉԵմ տվել քեզ նոր եզերքներ, փառքի երկնակամար...
Անեղծ սեր եմ տվել միայն` անեզր ու անմար....
Տվել եմ լոկ հոգու մրմունջ և լռելյայն աղոթք,
Տվել եմ լոկ թոթով տաղեր, խոսուն հայացք անօգ...
Ինձ չհիշես...

© Միքայէլ Սարգիս 1995

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել