sahadasht (1)Asparez.am-ը գրում է.

Երիտասարդական նախաձեռնությամբ ստեղծված Գյումրու սահադաշտն այս օրերին դարձյալ մարդաշատ է: Չնայած նախորդ մի քանի օրերի տաք ու հիմա էլ շատ ցուրտ եղանակի պատճառով այցելուների թիվը մի փոքր նվազել էր, բայց սահադաշտում այցելուների ու տարվող աշխատանքների պակաս չի զգացվում: Նման նախաձեռնությունը մեծ ոգեւորություն ու հետաքրքրություն է առաջացրել Գյումրիում, հատկապես երեկոյան ժամերին երիտասարդների ժամանցի կազմակերպման հետաքրքիր ու ինքնատիպ տարբերակ է դարձել: «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամները նշում են՝  բոլորը շատ մեծ ոգեւորությամբ են գալիս սահելու, անգամ 5-6 տարեկան երեխաներն են ծնողներին պարտադրելով սահադաշտ բերում:

-Գյումրիում ստեղծվել է անփոխարինելի ժամանցի վայր, գյումրեցիներն ու մյուս համայնքի բնակիչները երեկոյան ժամերին այստեղ են հավաքվում ու առօրյայից կտրվում: Ու չնայած շատերը մեզ խանգարում են, բայց մենք չեն կոտրվելու ու չենք դադարեցնելու մեր գործունեությունը, մինչեւ եղանակների տաքանալը,- նշում է «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամ Նարեկ Խաչիկյանը:

Սահադաշտի ստեղծման աշխատանքներին աջակցել են Գյումրու քաղաքապետարանը՝ ջուր, տարածք ու լուսավորություն ապահավելու խնդրում, իսկ չմուշկների ձեռքբերման գործում օգնել են սփյուռքահայ երիտասարդները, «Վորլդ Վիժն»-ի Գյումրու գրասենյակը: Վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ չմուշկների շահագործումից ստացած գումարի 70-80 տոկոսը տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ կոմունալ վճարումները կատարելու նպատակով, մնացած գումարը ծախսվելու է չմուշկների վերանորգման ու հարակից ծախսերի համար: Մի շարք կազմակերպություններ, անհատներ  ու սպասարկման օբյեկտներ եւս աջակցել են սահադաշտի ստեղծման աշխատանքներին:

Արդեն 50 զույգ չմուշկ է ձեռք բերվել, որոնք տրամադրվում են վարձակալությամբ՝ 1 ժամվա դիմաց 1000 դրամ վարձավճարով: Սեփական չմուշկներով սահելու դեպքում վճարը 300 դրամ է: Սահադաշտը, սակայն, արգելապատնեշներ ձեռք բերելու ու տարածքի աղբահանությունը նորմալ կազմակերպելու խնդրի առաջ է կանգնած: Տարածքում մեծ աղբարկղեր չկան, փոքրներն էլ քիչ են ու տարածքի բնակիչների համար որպես աղբարկղ է ծառայում:

-Մի դեպք գրանցվեց, երբ չմուշկ գողացան: Մինչ այդ մենք վստահում էինք մեր համաքաղաքացիներին, դրանից հետո վստահությունը մի փոքր պակասեց, այդ պատճառով հիմա միայն փաստաթղթի առկայությամբ ենք չմուշկ տրամադրում,- ավելացրեց  նախաձեռնության անդամ Գոռ Թորոսյանը:

Չմուշկների անհետանալը գողության միակ դեպքը չէ: Գողացել են նաեւ էլեկտրաէներգիայի լարը, լուսավորության համար նախատեսված միացման կետերը: Երիտասարդները նշում են՝ վնասելու նպատակով սահադաշտի մեջ անգամ աղբ ու տաք ջուր էլ են լցրել, ինչը, նրանց համոզմամբ, հատուկ ուղղված է իրենց գործունեության դեմ.«Մի չմուշկն արժե 25-27 հազար դրամ, ու մենք մեր նախաձեռնության անդամներով այդ մի չմուշկը գնեցինք, քանի որ «Վորլդ վիժնի» հետ հստակ պայմանավորվածություն ունենք՝ հաջորդ տարի ստանալու նախապայմանով 35 չմուշկը ետ վերադաձնել»,- ավելացրեց Գ.Թորոսյանը:

Նախաձեռնության անդամները կոչ են անում, եթե չեք օգնում, ուրեմն նաեւ մի խանգարեք. «Սաշիկներին, փայ մտնողներին, հարկայիններին ու մյուսներին խորհուրդ կտանք հեռու մնալ նմանատիպ նախաձեռնություններից, որովհետեւ Գյումրիում բացարձակ ոչինչ չեն ստեղծել, զրոյից այս ամենը անում ենք ու ատամներով պահելու ենք: Թող հանկարծ մտքներով չանցնի նման նախաձեռնությունների կողքով անցնել»,- զգուշացրեց նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը:

Չմուշկների մի մասը, որոնք հեշտությամբ փոխարինվում են անվավոր չմուշկների,  ձմեռային սեզոնը փակվելուց հետո եիտասարդները պատրաստվում են այլ կերպ օգտագործել.«Գաղափարները շատ են, փորձելու ենք ոչ թե մենք ինքնուրույն ինչ-որ բան անել, այլ օգնել ընկերներին՝ հարստացնել իրենց գաղափարները, կազմակերպել անվավոր չմուշկների վարժաձեւեր»:

Ու մինչ հաջորդ ձմեռային սեզոնի մեկնարկը՝ նախաձեռնության անդամները մոտ օրերս սպասում են արտասահմանից ուղարկվելիք հեծանիվներին, որոնցով անվճար դասընթացներ են կազմակերպելու բոլոր ցանկացողների համար: Երիտասարդները նախատեսել են նաեւ հրաձգության, կայտբորդինգի եւ այլ մարզաձեւերի անվճար ուսուցում:

Մարինե Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել