Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից և երկրի առջև ծառացած արդեն վտանգավոր դարձած գործընթացներից առաջնայինը ՀՀ իշխանությունների կողմից տարվող ազգային ռեսուրսների սրընթաց վաճառքն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և իր գլխավորած հանցավոր կառավարությունը առանց որևէ տնտեսական հիմնավորման մեկը մյուսի ետևից երկրի՝ առանց այն էլ քայքայված տնտեսությունից օտարում է երկրի էներգառեսուրսներն ու մյուս ազգային ռեսուրսները: Սերժ Սարգսյանի հանցավոր վարչախումբը երկիրը և պետության տնտեսությունը դիտարկում է որպես բիզնեսի աղբյուր և, օգտվելով ընդդիմության թույլ դիրքերից և ՀՀ քաղաքացիների անտարբերությունից այդ հարցերի նկատմամբ, շարունակում է առանց կաշկանդվածության և զսպվածության աճուրդի հանել մեր երկրի ազգային ռեսուրսները՝ Հայաստանին զրկելով ապագա ցանկացած տնտեսական զարգացման հեռանկարից և հնարավորությունից: Եթե մենք այսօր պայքարում ենք պարտադիր կուտակայինների և այլ երևույթների դեմ՝ աչքաթող անելով երկրի համար համապետական նշանակություն ունեցող ռեսուրսների անօրինական վաճառքը, ապա դուրս է գալիս, որ մենք պայքարում ենք միայն նեղ անձնական շահի համար և չենք գիտակցում այն վտանգավոր գործընթացը, որ սկսվել, շարունակվում և արդեն սպառնում է Հայաստանին, այն ոչնչացնում է երկրի զարգացման ամենաչնչին հեռանկարն անգամ և Հայաստանը, ուզի թե չուզի, շատ մոտ ապագայում պիտի հանդես գա լոկ ֆիզիկական տարածք, որտեղ ապրում են սոցիալապես ճնշված և իրավունքներից զուրկ մի կես բուռ ժողովուրդ, որի պետական կառավարման խնդիրները գտնվում են ոչ թե մի պետության լիազորությունների ներքո, այլ մի քանի, որոնցից յուրաքանչյուրը իր շահերն է հետապնդում: Ուստի այսօր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են կազմել մի փաստաթուղթ, համաձայն որի, ՀՀ ազգային պետական ռեսուրսների ցանկացած օտարում պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/231480137035597?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել