Կլիմաքսը պատասխանատու շրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Այդ ընթացքում նրա օրգանիզմում  տեղի  են  ունենում ֆիզիոլոգիական  փոփոխություններ, որոնք պայմանավորված են լինում  ձվարանների ֆունկցիայի խաթարմամբ: Դրա արդյունքում  արտադրվող հորմոնների քանակը, առաջին հերթին էստրոգենը, աստիճանաբար նվազում է: Հաճախ կլիմաքսը կնոջ համար անցնում է բացարձակապես անցավ, բայց երբեմն այս  ընթացքն ուղղեկցվում  է  կլիմակտերիկ սինդրոմի զարգացմամբ, որն ընթանում  է քրտնարտադրությամբ, սրտխփոցներով, գլխացավով, անկայուն տրամադրությամբև քնի խանգարմամբ:  Առավել բարդ  դեպքերում  զարգանում են վեգետատիվ-անոթային  հոգեէմոցիոնալ խանգարումներ, որոնք  կարող  են  հանգեցնել աշխատունակության  անկման: Իգական սեռական  հորմոնները  կնոջը երկար տարիներ  պաշտպանում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացումից, բարձրացնում են  ոսկրային  հյուսվածքների խտությունը, ազդում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի վրա: Մոտ 45 տարեկանից սկսած կանանց  սեռական գեղձերի՝ ձվարանների, ֆունկցիան սկսում է աստիճանաբար նվազել կնոջ մոտ խանգարվում է դաշտանային ցիկլի կանոնավորությունը, փոխվում է դրանց տևողությունը, շարունակում  է  նվազել սեռական հորմոնների մակարդակը, որի արդյունքում էլ ընդհատվում է ցիկլը, փոփոխվում են ֆիզիկական և հոգեբանական վիճակները, առաջ է գալիս ճգնաժամային մի ժամանակաշրջան՝ կլիմաքս:

«Կլիմաքս» հունարենից թարգմանաբար նշանակում է «աստիճանավորվածփուլ»: Ճգնաժամի տևողությունը միջինում 10-15  տարի է: Այդ ժամանակաշրջանը սկսվում է մոտավորապես 45  տարեկանից և ավարտվում է 60 տարեկանում: Բժիշկները ճգնաժամային այս ժամանակաշրջանում  առանձնացնում են մի քանի փուլեր՝ պրեմենոպաուզա, մենեոպաուզա,  պոստմենոպաուզա և պերիմենոպաուզա:

Պրեմենոպաուզան սկսվում է 40 տարեկանից հետո և կարող է տևել 2-ից մինչև 10 տարի: Այդ  ժամանակ կնոջ մոտ փոփոխվում է դաշտանային ցիկլը և ի հայտ են գալիս  ճգնաժամային սինդրոմի առաջին ախտանիշները՝ գիշերային քրտնարտադրություն,  սեռական կյանքի հանդեպ  հետաքրքրության անկում, հուզական վիճակի խախտումներ  (դյուրագրգռվածություն, նյարդայնություն, քնկոտություն, հոգնածություն, մոռացկոտություն, դժվարություններ ուշադրության կենտրոնացման հարցում, գլխապտույտ, սրտխփոց, դեպրեսիա և այլն):

Մենոպաուզան կնոջ կյանքում մի ժամանակահատված է, որը հաստատվում է վերջին դաշտանադադարից 12  ամիս  անց: Եթե այդ ժամանակահատվածում այլևս դաշտան չի եղել,  ուրեմն դաշտանային ֆունկցիան ամբողջովին դադարել  է: Երբեմն մենոպաուզայից մի քանի  տարի անց կարող են լինել բնական դաշտաններ: Ամենից հաճախ դա կապված է ձվարաների  կարճաժամկետ աշխատանքի վերսկսման հետ, սակայն նման դեպքերում ավելի լավ է  խորհրդակցվել բժիշկի հետ, անցնել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները,  որպեսզի բացառվեն սեռական օրգանների հիվանդությունները: Սովորաբար մենոպաուզան  առաջանում է 48-52 տարեկանում:

Պերիմենոպաուզան մի ժամանակահատված է, որը միավորում է պրեմենոպաուզան և մենոպաուզային հաջորդող առաջինտարին: Հենց այդ ընթացքում են կնոջ հորմոնալ համակարգում տեղի  ունենում նկատելի  փոփոխություններ:

Պոստմենոպաուզան դաշտանադադարից հետո 65-69 տարեկանն ընդգրկող  ժամանակահատվածն է:  Այդ ժամանակ կարող են ի հայտ գալ մեզասեռական համակարգի հետ կապված որոշակի ախտանշաններ՝ չորություն, այրում և քոր հեշտոցում, անմիզապահություն, մաշկի, մազերի և եղունգների հետ կապված փոփոխություններ: Հորմոնների պակասը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդությունների, հնարավոր է օստերոպորոզի  զարգացում և ոսկրերի ամրության անկում:

Հասուն տարիքում մեծ ոսկրերի կոտրվելու հավանականությունը մեծանում է մի քանի անգամ:

 

Կլիմաքսի  բուժումը

Կլիմաքսի բուժումը պետք է լինի անհատական և համալիր մոտեցմամբ: Խորհուրդ է տրվում  կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմները, խուսափել հոգետրավմատիկ, սթրեսային  իրավիճակներից, հոգեթերապիա անցնել, ներառել աուտոգենային ուսուցում, ֆիզիոթերապիա,  դիետա, ֆիզիոթերապևտիկ բուժում, ասեղնաբուժություն, սովորաբար նշանակվում են  վիտամիններ, հոմեոպատիկ դեղեր (օրինակ Կլիմաքսան կամ Կլիմադինոն), բուսական սեդատիվ դեղորայք և այլն: Այս գործողություններց հետո նշանակալի արդյունքի բացակայության դեպքում  կարող է նշանակվել հոգեմետ դեղորայք կամ ներյրոլեպտիկներ, բետաադրենոբլոկատերներ,  կալիում պարունակող  դեղորայք, բրոմոկրեպտինև այլն:

 Քանի որ կլիմաքսի  խանգարումները կապված  են  կանացի սեռական  հորմոնների մակարդակի անկման  հետ,  այս հիվանդության բուժման հիմնական մեթոդը փոխարինիչ հորմոնալ  թերապիայի նշանակումն է: Այն կարող է նշանակել միայն բժիշկը՝ ելնելով տվյալ հիվանդի անհատական առանձնահատկություններից: 

Փոխարինիչ հորմոնալ թերապիայիանցկացումը հնարավոր է միայն մանրակրկիտ  հետազոտությունից հետո, որը թույլ է տալիս բացահայտել այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում փոխարինիչ հորմոնալ թերապիայի նշանակումը խորհուրդ չի տրվում: Մինչև  փոխարինիչ հորմոնալ  թերապիայի նշանակումն անցկացվող հետազոտությանը ներառում  է՝

 

·   Գինեկոլոգիական զննում, ատիպիկ բջիջների վրա արգանդի վզիկից վերցված քսուքի հետազոտություն (ցիտալոգիա):

·     Մամոգրաֆիա:

·     Արգանդի և լոձաթաղանթի, այդ թվում նաև ձվարանների ուտրաձայնային հետազոտություն:

·     Արյան մակարդելիության հետազոտություն:

·     Արյան լիպիդային բաղադրության հետազոտություն:

·     Էլեկտրոսրտագրում:

·     Լյարդի ֆունկցիայի հետազոտություն:

·     Վահանաձև գեղձի ֆունկցիայի հետազոտություն: 

·     Արյան ճնշման, քաշի բարձրացման հետազոտություն:

 

Օգտագործվում են տարբեր դեղորայքներ, որոնք պարունակում են կանացի տարբեր հորմոններ: Բուժման տևողությունը տարբեր է: Կինը, ստանալով սեռական հորմոն պարունակող դեղորայք, պետք է ամեն տարի անցնի վերոնշյալ հետազոտությունները: 

Փոխարինիչ հորմոնալ թերապիանկարելի է շարունակել 1-2  տարի, որպեսզի արագ վերացվեն  կլիմակտերիկ խանգարուների դրսևոևումները, մինչև 5 տարի՝ կանխելու համար սեռական  օրգանների խանգարումները, սիրտանոթային հիվանդությունների և օստեոպորոզի առաջացումը:

Տվյալ հիվանդի համար դեղամիջոցի ընտրությունը կարող է կատարել միայն բժիշկը, քանի որ նշանակված բուժումը միայն այդ դեպքում կարող է լինել անվտանգ: 

Շատ կանանց մոտ կլիմաքսի առկայությունն ասոցացվում է ծերության հետ, այդ պատճառով էլ նրանք շատ հիվանդագին են տանում այս ժամանակահատվածը:

Այնինչ կլիմաքսր ճիշտ կլինի համարել դեպի նոր կյանք տանող մի աստիճան: Ի վերջո մեր  կյանքի մոտավորապես երրորդ կամ չորրորդ մասն անցնում է պոստմենոպաուզայի  ժամանակահատվածում, և հենց կնոջից է կախված այն, թե ինչպիսին կլինի նրա նոր կյանքը:   

Աղբյուրը՝ www.sotskiy.am

Նյութի հեղինակային իրավունքը պատկանում է www.sotskiy.am կայքին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել