Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի հետ առաջին հանդիպումս երբեք չեմ մոռանա, 2011թ. հոկտեմբերի վերջն էր, հավաքվել էինք սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ անհամբեր սպասելով մեկնելու հրահանգին: Ուղևորվեցինք Արցախ, որտեղ չորս օր վայլեցինք աշնան գույներով գեղեցիկ բնությունն ու մեր այցելած սրբավայրերում զգացած Աստծո զորությունը: Աննկարագրելի են այն ուխտատեղիներն, ուր եղել եմ Տեր Հոր առաջնորդությամբ, ամեն անգամ դժվար ճանապարհներ անցնելիս հոգատար հայր է մեզ համար Տեր Տիրայրը՝ առջևից քայլելով, միշտ հոգում է, որ բոլորն ապահով տեղ հասնեն: Այս անցած երկուսուկես տարվա մեջ կդժվարանամ թվել այն սրբավայրերը, ուր եղել եմ Տեր Հոր հետ, կնշեմ միայն մեկն՝ Արցախի Ավետարանոց գյուղից ոչ հեռու գտնվող, Սրբոց Ղևոնդյանց վանքը: Կարող եմ ասել, որ ամեն մի ուխտ աչքի է ընկնում մասնակիցների կազմակերպվածությամբ և առավել աղոթական մթնոլորտով: Ոմանց կթվա, թե ձանձրալի է խստապահանջ Տեր Հոր հետ ուխտի գնալը, բայց պետք է հավաստիացնեմ ինչքան կարգապահություն սիրող է մեր Տեր Տիրայրը, այնքան էլ երգ ու պարով ուրախացող է հանգստի ժամին: Սրտանց աղոթում եմ, որ նման նվիրայլներ շատ լինեն մեր եկեղեցում, ովքեր անտեսելով եղանակի սառն ու տապը, նեղ և դժվարին ճանապարհները և միշտ առաջ եկող դժվարությունները, առաջնորդեն մեզ անմատչելի թվացող, բայց համբերողներին հոգու խաղաղություն պարգևող հանգրվաններ:


Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել