Ո՞վ չի տեսել ավազագույն երանգով հայտնի վանդակավոր նախշը, որը պատկանում է աշխարհահռչակ Burberry բրենդին: Հենց այս բրենդի ստեղծման պատմությանն էլ այսօր կանդրադառնամ FashionYan-ում:
Burberry-ն հիմնարվել է 1856 թվականին` Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը` հայտնի ձիով ասպետը:
Burberry բրենդի առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը: