Tert.am-ը գրում է.

Այս տարվա հունվարից Հայաստանում տպագիր թերթերից մի քանիսը թանկացան 50 դրամով: «Հայոց աշխարհ»-ն արժե 150 դրամ, «Առավոտ»-ը և «Չորրորդ իշխանություն»-ը՝ 200 դրամ:

«Արդարացի է տպագիր մամուլի գնի բարձրացումը: 1994 թվականից ի վեր թերթերը վաճառվում են 100 դրամով: 20 տարի շարունակ թերթերի գինը չի փոխվել, բայց 20 տարվա ընթացքում ինչքա՜ն բան է փոխվել թե՛ գների, թե՛ ընդհանրապես ծառայությունների իմաստով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Խմբագիրը նշեց, որ 100 դրամով տպագրող թերթի յուրաքանչյուր օրինակից 30 դրամ էր մնում խմբագրությանը, 40 դրամը վճարվում էր տպագրության համար, իսկ 30 դրամն էլ վճարվում էր տարածող կազմակերպություններին: «Այդ 30 դրամով ինչպե՞ս պետք է գոյատևեինք»,-ասաց Հակոբ Ավետիքյանը:

«Իհարկե՛, 150 կամ 200 դրամի վերածելը հարցի լուծում չէ: Գինը բարձրացնելով մեծ տարբերություն չի ստացվում, նախ՝ այդպես գնորդ են կորցնում, մյուս կողմից էլ այնքան մեծ են կարիքները, որ նույնիսկ 200 դրամով դժվար է ծախսերը ծածկել: Ես հաշվարկ եմ կատարել, որպեսզի որևիցե թերթ կարողանա գոյատևել՝ ինքնածախսածածկում ապահովել, նրա համար անհրաժեշտ է 8500 օրինակ իրացնել»,-հավելեց նա։

Հակոբ Ավետիքյանի գնահատմամբ՝ առցանց լրատվամիջոցները նույնպես պատճառ են, որպեսզի տպագիր մամուլի ծավալը նվազի: Դա, ըստ նրա, միայն մեզ մոտ չէ, միջազգային երևույթ է, միայն թե մեզ մոտ տեմպերը շատ ավելի արագ են զարգանում:

«Մարդը, որ մեր հավատարիմ ընթերցողն է շուրջ 20 տարի, այսօր կարող է համացանցում հետևել նորություններին: Դա տպագիր մամուլի նվազման պատճառներից մեկն է: Իմ հաշվարկներով Հայաստանում մնացել է 15 հազար ընթերցող»,-նշեց Հակոբ Ավետիքյանն ու որպես օրինակ բերեց այն տվյալը, որ եթե «Ազգ» օրաթերթը մինչև 1994-ի ավարտը 44 000 տպաքանակ ուներ, ապա վերջին անգամ տպագրվել է շուրջ 2000 օրինակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել