Աղջիկս 19 տարեկան է: Հաճախ է հագնում այսպես ասած ստրինգներ ու, կարելի է ասել, անդադար օգտվում է ամենօրյա միջադիրներից` պատճառ բերելով սեռական օրգաններից առատ արտադրությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ օգտակար չէ: Ի?նչ կասեք, դա նորմա՞լ է:
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Որպես կանոն, կնոջ մոտ բնականում պետք է լինի արտադրություն, որի քանակն ու որակը դաշտանային ցիկլի ընթացքում փոքր-ինչ փոխվում է, սակայն ոչ շատ նկատելի: Դա նորմալ է և դրանում ոչ մի ամոթ կամ տհաճ բան չկա: Այլ բան է, երբ արտադրության քանակը նկատելիորեն շատանում է, փոխվում է կոնսիստենցիան ու տհաճ հոտ ձեռք բերում: Դա արդեն խոսում է վագինալ ֆլորայի խանգարման մասին ու կարող է առաջացած լինել տարբեր բորբոքային հիվանդությունների պատճառով: Ու ամենատարօրինակն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փոխանակ դիմեն գինեկոլոգի, որպեսզի ժամանակին պարզեն պաթոլոգիկ արտադրության պատճառն ու վերացնեն այն, սկսում են ակտիվորեն օգտվել ամենօրյա միջադիրներից՝ մտածելով միայն գեղեցիկ ներքնազգեստի մաքրության մասին:
Իհարկե, ամենօրյա միջադիրները հրաշալի ներծծում են արտադրությունը, սակայն քչերն են մտածում նրանց բացասական ազդեցության մասին:
Երկար ժամանակ նրանցից օգտվելուց խանգարվում է սեռական օրգանների «շնչառությունը», քանի որ ինչքան էլ միջադիրը «շնչող» լինի, ինչպես պնդում է գովազդը, միևնույն է՝ դա արհեստական պատնեշ է օդի համար: Շատ հաճախ հենց դա էլ հանդիսանում է կանդիդոզի առաջացման պատճառ, ինչն էլ իր հերթին կդրսևորվի առատ, «կաթնաշոռանման» արտադրության առաջացմամբ: Բացի դրանից, ներծծելով իր մեջ արտադրությունը, այն միջավայր է ստեղծում մի շարք մանրէների բազմացման համար:
Ուստի ամենօրյա միջադիրներից օգտվելուց,անպայման հետևեք հետևյալ կանոններից.
-փոխել ամեն 4-5 ժամը մեկ,
-ոչ մի դեպքում չպառկել քնելու ամենօրյա միջադիրով,
-խուսափել գունավոր միջադիրներից, քանի որ դրանց մեջ ամեն ինչից բացի, կա նաև քիմիական գունանյութ, իսկ դա բնական է լավ չէ,
-օգտվել միայն որակյալ, վստահելի ֆիրմաների արտադրանքից:
Իսկ ընդհանրապես, ավելի գերադասելի է կատարել ամենօրյա լվացումներ հատուկ հիգիենիկ միջոցներով, հետևել հիգիենայի կանոններին, իսկ միջադիրներից օգտվել միայն երբ շատ անհրաժեշտ է:
Ինչ մնում է «ստրինգներին» ու մնացած այլ՝ «չափերով փոքր» ներքնաշորերին, ապա դրանց մշտական կիրառումը ևս կարող է առաջացնել կանդիդոզ վուլվովագինիտ, ճիշտ նույն մեխանիզմով, ինչ ամենօրյա միջադիրները:
Այս ամենից հետո կարելի է կատարել մեկ ենթադրություն. չարժե հրաժարվել ինտիմ հիգիենայի ժամանակակից միջոցներից ու մի քիչ անհարմար, բայց գեղեցիկ ներքնազգեստներից, կարևորը հետևել ժողովրդական իմաստուն խորհրդին՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Իսկ եթե պաթոլոգիկ արտադրությունը շարունակվում է՝ անպայման դիմե՛ք գինեկոլոգին: