Lragir.am-ը գրում է.

Թուրքական «Հյուրիյեթը» մանրամասներ է ներկայացրել օրերս տեղի ունեցած Էրդողան-Մերկել հանդիպումից: Թերթը տեղեկանում է, որ թուրք ու գերմանացի ղեկավարները խոսել են Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին Էրդողանի առաջադրվելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին:

Ընտրությունների մասին Մերկելի հարցին Էրդողանը մի պահ հապաղել է պատասխանել, ինչի ընթացքում Մերկելն հումորով ասել է. «Խոստանում են ոչ ոքի չեմ ասի»:

Այնուամենայնիվ Էրդողանը կոնկրետ պատասխան չի տվել ասելով. «Այս պահին մեր օրակարգում մարտի 30-ի (ՏԻՄ) ընտրություններն են: Մյուս թեմային (նախագահական ընտրություններ) կանդրադառնանք այն ժամանակ, երբ այն օրակարգային կդառնա»:

Հանդիպման օրակարգից դուրս չի մնացել նաև Հայոց ցեղասպանության թեման, որն, ինչպես «Հյուրիյեթն» է նշում, կողմերի միջև սառնություն է առաջացրել: Թեմային առաջինն անդրադարձած Էրդողանն ասել է. «1915 թվականի դեպքերի 100-ամյակի համար ձեր բյուջեներին վճարումներ են հատկացվում: Այդ խնդրի նկատմամբ ավելի զգայուն պետք է լինեք: Անհրաժեշտ է, որ զգուշացնեք ձեր խմբին»:

Մերկելն ի պատասխան ասել է. «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, չենք կարող միջամտություններ անել: Թուրքիային էլ անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ: Հայաստանում ապրող հայերին չպետք է նույնացնել այն հայերի հետ, որոնք ստիպված են եղել ցրվել աշխարհի տարբեր երկրներով մեկ:

Հայաստանի հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»: 

Էրդողանն էլ արձագանքել է Մերկելի խոսքերին ասելով. «Ուզում եք մեզ ստիպել, որ ընդունենք մի բան, որը չենք արե՞լ: Մենք պատմաբանների առաջ բացել ենք մեր բոլոր արխիվները: Ամբողջ աշխարհին գալու և ուսումնասիրելու կոչ ենք արել, սակայն ոչ ոք չի եկել: Թուրքիայի նկատմամբ անարդար մի եղեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել