Totalfootball.com-ը գրում է.
Ներկայացնում ենք Eurosport-ի գերմաներեն տարբերակի հեղինակ Դանիել Ռատհյենի հոդվածը՝ Վերդեր - Բորուսիա հանդիպմանն ընդառաջ:
Բորուսիայի խաղը ձևավորող ֆուտբոլիստների խաղը լիովին խամրած տեսք ունի: Միևնույն ժամանակ մարզիչ Կլոպին անհանգստացնում է համաճարակը պաշտպանության կենտրոնում:
Նա ունակ է անել դա: Նա դա ապացուցել է Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Շալկեի և Նապոլիի դեմ խաղերում: Սակայն ներկայումս իր մոտ չի ստացվում: Առնվազն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա:
Երեքշաբթի օրը Բորուսիայի մարզաբազայում կայացած Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ ստուգողական խաղում (4:3) նա երկու գոլային փոխանցում կատարեց, ինչպես նաև աչքի ընկավ այլ գործողություններով:
Հաղթական գոլն այդ խաղում խփեց Յոնաս Հոֆմանը, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Մարսել Շմելցերը: Բորուսիայի նորեկ Միլոշ Յոյիչն իր նորամուտի խաղն անցկացրեց լավ մակարդակով՝ հետ քաշված կիսապաշտպանի դիրքում հաջող համագործակցելով Սեբաստիան Կելի հետ: Սերբ ֆուտբոլիստը լավ էր գործում գնդակ խլելիս և լավ փոխանցումներ էր կատարում խաղընկերներին: Այս ձեռքբերումը կարևոր էր թիմի համար ներկայիս իրավիճակում: Շաբաթ օրը Բորուսիան դժվարին հանդիպում պետք է անցկացնի Բրեմենում: Երկրորդ տեղի համարը պայքարը չզիջելու համար Բորուսիային միայն հաղթանակ է պետք:
Ազատ և անկաշկանդ գործողությունների բացակայություն
Այս առումով լավ կլիներ, եթե Մխիթարյանը վերադառնար իր լավագույն մարզավիճակին: Վերջին ութ խաղերի ընթացքում հայ ֆուտբոլիստին չի հաջողվում աչքի ընկնել: Նոյեմբերի մեկին կայացած Շտուտգարտի դեմ փայլուն խաղից հետո (6:1) նա այլևս չի առանձացնել:
26 միլիոն եվրո ռեկորդային արժեքով ձեռք բերված ֆուտբոլիստը շատ է փորձում, սակայն ամեն անգամ գլխով բախվում է պատին, անցումներ կատարելու նրա փորձերը չեն ստացվում, հաջող չեն նաև փոխանցումները: Առեղծված է դարձել, թե ինչու է այսպես:
«Նա շատ է համապատասխանում մեզ: Հենրիխը առաջարկում է հենց այն, ինչ մեզ պետք է»,- հուլիսին ասել էր Յուրգեն Կլոպն իր նոր աստղի մասին: Միգուցե նա որոշակիորեն կորցրել է իր ազատությունն ու անկաշկանդությունը, ինչն անհրաժեշտ է կիսապաշտպանին ստեղծագործ գործողությունների համար:
Սակայն «Միքին», ինչպես նրան անվանում են, պերֆեկցիոնիստ է և մեծ ճնշում է զգում իր ուսերին: Միգուցե նա կորցրել է իր ազատությունն ու անկաշկանդությունը և այժմ նրա գործողություններում բացակայում է թեթևությունը:
Բորուսիայում նաև շատ են խնդիրները վնսասվածքների հետ կապված: Վերջինը թիմի հիվանդասենյակը համալրեց Մատս Հումելսը, ով չի կարողանա օգնել Բրեմենում:
«Պապա» Սոկրատիսը պատրաստ է
Պաշտպանությունում լավ լուր է այն, որ Սոկրատիսը կարող է խաղալ: Նրա մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ սպասվում էր, որ նրա երեխան լույս աշխարհ կգա շաբաթվա վերջում: Սակայն նրա դուստրը չորեքշաբթի օրն է ծնվել:
Հարցական է այն, թե արդյոք պաշտպանության կենտրոնում կխաղա Սվեն Բենդերը: Որպես այլընտրանքային տարբերակներ Դյուսելդորֆի դեմ խաղում փորձարկվեցին Մանուել Ֆրիդրիխն ու Մարիան Սառը, ովքեր 45-ական րոպե խաղացին: