Հին Աստվածները միշտ էլ գոյություն կունենան, նրանք երբեք չեն մահանում. Աստվածները անմահ են (մարդն է իր գոյությամբ անմահացրել Աստվածներին): Մարդկությունը երկնային Աստվածներից ժառանգեց այն ամենը, ինչը աշխարհիկ  է ու երկրային: Անգամ երկնքում «բնակվողները» անկարող են զերծ մնալ երկրային վայելքներից ու ցանկություններից, իսկ մարդիկ երբեք չեն կարող հասնել երկնայինի:
  Մարդկությունը իր գոյությունից զատեց Աստվածներին, բայց անգիտակցաբար մեխեց նրանց իր հոգու և մտքի հորձանուտներում: Պայքար մղելով բարու և չարի, վատի և լավի, հոգևորի և աշխարհիկի դեմ՝ մարդը սպանում է այն կյանքը, որը տրված է ապրելու համար:
  Մարդը միշտ ցանկացել է նմանվել Աստծուն՝ չհասկանալով, որ նա արդեն նմանակն է Աստվածների: Մարդիկ Աստվածներից են, Աստվածները՝ մարդուց,  իսկ Աստված՝ մարդկանց պատկերացումների երևակայական իդեալը: Այն սին մեղքերը, որոնցով փաթաթել ենք ինքներս մեզ ու խեղդամահ ենք անում, ստեղծված են մեզ մեր դեմ հանելու, կռվացնելու համար: Աստծուն նմանվել փորձելով՝  մենք դառնում ենք մեղսագործ քահանաներ, ովքեր անկարող են զսպել իրենց աշխարհիկ ցանկությունները, սպանել  բնազդներն ու հոգու արատները. դրանք նույնպես անմահ են: Մարդը տարբերվում է Աստծուց իր մարդկային հատկություններով, նա չի կարող տրվել հոգևորին՝ անտեսելով ու արհամարելով այն աշխարհիկը, որը մարդունն է:
  Մարդիկ ծրագրավորված երկոտանիներ են, ովքեր աշխարհ են եկել իրենց պարտականությունները կատարելու համար: Յուրաքանչյուրիս ուսերին դրված է այն պարտականություններով լի պարկը, որը պարտավոր ենք շալակել ողջ կյանքի գոյության ընթացքում: Գյուտերը, հայտնագործությունները, ձեռքբերումները, ճանաչողությունը, բոլոր-բոլոր «էվրիկաները»  քնաբեր դեղորայքներ են մարդկության համար, որոնք թույլ չեն տալիս բաց աչքերով նայել կյանքին:  Մարդը միշտ էլ հաճույքով է փակել աչքերը, քանզի փակ աչքերով նա կարող է տեսնել այն, ինչ ցանկանում է տեսնել: Արարողի պիտակի տակ մարդը իրեն գերհզոր է համարել՝ արհամարելով այն փաստը, որ ինքը աշխարհում միայն իր պարտականությունն է կատարում:  Հասարակությունում անհատներ են դառնում նրանք, ովքեր իրենց շալակից վայր են գցում «պարտականությունների պարկը» և թույլ չեն տալիս, որ  երկու կողմերից մեկը լինի գերիշխող ու առաջնային: 
  Կյանքը ունայնություն է  և չարժի նրա համար կռիվ տալ: Ամեն ինչ անցողիկ է, թռուցիկ ու երերուն: Կյանքը ապրելու  ու վայելելու փոխարեն, մենք մեզ օտարացնում ենք նրանից: մեր գլուխը լցնելով սրբվելու ու մաքրվելու սին հույսերով՝ երես ենք թեքում այն կյանքից, առանց որի չենք կարող ապրել: Մարդը ստեղծված է կյանքը վայելելու համար, իսկ այլևայլությունները, որոնք ճեղքում են մարդու հոգին ու քարացնում մարմնականը, թույլ չեն տալիս լինել ազատ ու խաղաղ: Հոգևորական դառնալու համար ամենևին հարկավոր չէ զսպել մարմնական ցանկությունները ու ու երես թեքել կյանքի հաճույքներից, քանզի իրար դեմ հանելով մարդկային երկու եսերը՝ մարդը վերածվում է մեխանիզմի, ով շարունակ պատերազմ է մղում «չի կարելիների դեմ»: Մարդու երկու եսերը իրար դեմ կտիվ են մղում, իսկ արդյունքում տուժում է մարդը: Մեզ հետ կռվելու և հոշոտելու փոխարեն, ավելի լավ է երկուստեք հաշտվել, քանզի երկրում Աստվածներ չկան, իսկ երկնքում Աստվածները մեզ նման են:
 
 
Էսսեն գրվել է Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պիեսը ընթերցելուց հետո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել