Մի պահ ինքդ քեզ հարց տուր, թե ինչի համար ես ծնվել ու ապրում այս աշխարհում: Հայելու մեջ նայիր աչքերիդ ու փորձիր ուշքի գալ:
Այս գրառումը կյանքի մասին է` կյանքի իրական փորձառությունների ու կարողությունների մասին, և ոչ թե այն կարողությունների, որ ստանում ես դպրոցում:
Այստեղ չի խոսվի այն մասին, որ պետք է շատ աշխատել ու լավ կրթություն ստանալ, և ոչ էլ այն մասին, թե պետք է դասերից փախչել, անել սրտի ուզածն ու դրա հետ մեկտեղ ձեռք բերել այդքան թանկ որակավորման դիպլոմը:

Այն, ինչ ասվում է հոդվածում, հետևյալն է` դուրս արի «քո դռնից», իրական քայլեր կատարիր, օգտագործիր կարողություններդ ու նոր կարողություններ ձեռք բեր: Դուրս արի «մայրիկիդ տնից», թող աշխատանքդ, ասա՝ «թող գրողի ծոցը գնա աշխարհը», ու իրականում արա դա` օգտագործելով ինչ-որ կարողություներ:

Կարողություններ, որոնք զարգացնում ես իրական կյանքում` դուրս գալով ծնողներիդ պաշտպանության սահմանից ու գաղափարական հրահանգումների ու պարտադրանքների սահմանից, որը ողողել է ամբողջ կրթական համակարգը:

Կարողություններ, որոնք կարող են ունենալ բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ կլինեն դրա համար վճարելու անհրաժեշտ գինը: Կարողություններ, որոնք ժամանակի ընթացքում գնալով ավելի բացառիկ ու հազվադեպ են դառնում:

Կարողություններ, որոնց չեն սովորեցնում դպրոցում կամ դասագրքերում: Կարողություններ, որոնք կարելի է սովորել միայն անելով. չէ՞ որ կարող ես սովորել թռչել՝ միայն ժայռի վրայից թռչելով:

Կարողություններ, որոնք կարող ես ձեռք բերել միայն իրական եսդ գտնելու դեպքում, երբ ընդառաջ ես գնում ձախողման հավանականությանը՝ առանց դրանից վախենալու:

Կարողություններ, որ կարող ես ձեռք բերել կամ զարգացնել միայն այն դեպքում, երբ պատրաստակամ լինես ռիսկի դնել ամեն ինչ, որպեսզի անես այդ մի հրաշալի բանը:

Կարողություններ, որ մինչ այս պահը դու կարծում էիր թե ունեիր:

ԿԱՐՃ ԱՍԱԾ, ԱՅՍ ԽԱՂՈՒՄ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ԿՅԱՆՔ, ԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ`

 1  Որովհետև դու երբեք չես ձախողվել այնքան, որքան պետք է...

Որովհետև դու հարմարավետ ես զգում միջակության քո կարգավիճակում ու ընտրում ես «չփորձելը»:

Որովհետև ավելի հեշտ է խոսել այդ նոր բանը սովորելու մասին, քան իրականում գործի անցնել ու սովորելը:

Որովհետև կարծում ես, որ ամեն ինչ դժվար ու բարդ է, այնպես որ, դու ուղղակի որոշում ես հրաժարվել այդ մտքից կամ էլ ասում, թե «վաղը» կզբաղվես դրանով:

Որովհետև դու ատում ես քո աշխատանքը, բայց նորը չես փնտրում, որովհետև ավելի հեշտ է մերժել մերժումը:

Որովհետև մինչ դու նստած ձախողում ես «փորձելը», հաջողակը այնտեղ փորձում է ձախողվել` ինքն իր առջև դժվարություններ դնելով, նոր բաներ սովորելով ու ձախողվելով հնարավորիս հաճախ:

Որովհետև ձախողվելով նա սովորում է, այնուհետև իր ճանապարհն ուղղում այնպես, որ վստահ լինի, որ միշտ առաջ է քայլում: Ինչպես անկոտրում պողպատը՝ նա պետք է անցնի կրակի միջով, որպեսզի ճկվի ու ստանա իր ձևը. թրի ձև` սուր ու հարթ սայրերով, որ կարող է կոտրել քեզ, եթե դու էլ հավասարաչափ կոփված չլինես:

 2  Որովհետև դու մտահոգվում ես, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին...


Որովհետև դու պետք է հարմարվես:

Որովհետև կարծում ես, թե տարբերվելը միայն զիլ է այն դեպքում, երբ տարբերվում ես ուրիշների նման:

Որովհետև վախենում ես ինքդ քո իրական եսին ընդունելուց, որովհետև վախենում ես, թե ինչպես աշխարհը կընդունի քեզ: Դու կարծում ես, թե ինչպես ինքդ ես քննադատում մյուսներին, այնպես էլ նրանք քեզ են դատում:

Որովհետև քեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչ ունես և ոչ թե այն, ինչ արել ես:

Որովհետև մինչ դու քո գումարը ծախսում ես նոր հագուստի, մեքենայի, թանկարժեք ռեստորաններում սննդի վրա, նա ներդրումներ է անում իր վրա: Մինչ դու հարմարվում ես աշխարհին, նա աշխարհը հարմարեցնում է իրեն:

Որովհետև նա կհատի հարմարավետության ու պաշտպանված լինելու սահմանը, ու իր իրական եսը կբացահայտի աշխարհի առջև: Նրա դիմադրողականությունը ամուր է քո քննադատություններին, ու նա մերկ կկանգնի գաղափարերի ամբոխի առաջ՝ վստահ իմանալով, որ մինչ դու կապվել ես աշխարհիկի հետ, նա ուսումնասիրել ու հետազոտել է բացառիկը:

 3  Որովհետև դու կարծում ես, թե ավելի խելացի ես, քան իրականում կաս...

Որովհետև դու արել ես այն, ինչ բոլորն են արել, դու սովորել ես այն, ինչ իրենք են սովորել, ու կարդացել այն, ինչ իրենք են կարդացել:

Որովհետև դու սովորել ես այն, ինչ ստիպված ես եղել սովորել, այնպես որ, անցնես նրանց քննությունները, ու կարծում ես, թե խելացի ես.

Որովհետև կարծում ես, թե սովորելը մի բան է, որը մարդիկ անում են միայն դպրոցում ու համալսարանում:

Որովհետև մինչ դու սովորում էիր համալսարանում, նա կյանքն էր սովորում, որովհետև աշխարհի մասին լսարանում սովորելու փոխարեն նա դուրս է գալիս դրա պատերից դուրս ու այն սովորում ապրելով:

Որովհետև նա շատ ավելին գիտի, քան դու կարող ես տեղավորել համալսարանի կողմից տրված թղթի վրա: Որովհետև խելացի լինելն այն չէ, ինչ սովորում ես, այլ այն, թե ինչպես ես ապրում:

Որովհետև  հնարավոր է նա որակավորում չունենա, սակայն նա կարող է քեզ դժվարության առաջ կանգնեցնել զրույցի այնպիսի խորը թեմաներով, որոնց մասին դու կդժվարանաս խոսել:

Որովհետև նա կարող է հանձնել բոլոր այն քննությունները, որ դու հանձնել ես, եթե պետք լինի, սակայն դու չես կարող գոնե մեկ վայրկյան կանգնել այն քննությունների առաջ, որը նրան առաջադրել է կյանքը: Քննություններ, որոնք չեն գնահատվում բալային  համակարգով, այլ շատ պարզ եղանակով, որը կոչվում է` գոյատևում:

 4  Որովհետև դու չես կարդում...

hand (524) Animated Gif on Giphy

Որովհետև կարդում ես այն, ինչ քեզնից պահանջում են կարդալ, կամ ոչինչ էլ իրականում չես կարդում:

Որովհետև կարծում ես պատմությունը ձանձրալի է, իսկ փիլիսոփայությունը՝ հիմարություն:

Որովհետև դու ավելի շուտ հեռուստացույց կնայես, քան ինչ-որ նոր բան կփորձես սովորել, կամ էլ քեզ շրջապատող աշխարհին ավելի լավ ճանաչելու համար կփորձես հասկանալ մյուսների մտածելակերպը:

Որովհետև հրաժարվում ես ընդունել, որ աշխարհի այսօրվա հզորությունը գալիս է բոլոր այն մարդկանց խոսքից, ովքեր ապրել են նախկինում, և որ այն ամենը, ինչ դու ցանկանում ես ունենալ, կարող ես հասնել այն բազմազան բառերի շնորհիվ, որ այսօր հասանելի են մեզ, առավել քան երբևէ:

Որովհետև այն մարդիկ, որ կարդում են այս տողերը, արդեն գիտեն այս ամենի մասին:

Որովհետև դու կարող ես ձիուն տանել ջրի մոտ, սակայն չես կարող ստիպել նրան խմել այն:

 5  Որովհետև դու բավարար հետաքրքրասիրություն չունես...

Որովհետև դու տեղեկանում ես նորությունների մասին պետության կողմից համակարգվող լրատվամիջոցներից:

Որովհետև դու պատրաստակամ չես քեզ պարզ հարց տալ. «Իսկ ի՞նչ, եթե այդ ամենը սուտ է» ու ընտրել այդ ամենին հավանականությամբ նայելու սկզբունքով, որ ամենը, որ լսում ես, ընդամենը «հնարավոր» է, որ ճիշտ է:

Որովհետև դու կարող ես նրան բանիմաց համարել, բայց հրաժարվել ընդունել, որ ինքդ ոչինչ չգիտես:

Որովհետև նա ծարավ է գիտելիք ստանալու` անկախ դրա թեմայից:

Որովհետև մինչ դու զբաղված ես համակարգչային խաղեր խաղալով, նա քվանտային մեխանիկայի մասին է ընթերցում:

Որովհետև, մինչ դու քո ժամանակը վատնում ես ծիծաղելի ու զվարճալի տեսանյութեր դիտելով համացանցում, նա սովորում է տեսանյութեր խմբագրել ու մոնտաժել, կայքեր պատրաստել կամ էլ հեռախոսային հավելվածներ նախագծել:

Որովհետև եթե դու նրա հետ բանավեճի բռնվես, նա քեզ ուղղակի կտապալի: Նա իր փաստարկները կարող է պաշտպանել ամեն հնարավոր ու երևակայական տեսանկյունից դրանց մասին խոսելով` հասկանալով բոլոր այն հակափաստարկները, որ դու կարող ես բերել նրա դեմ:

Որովհետև նա իրեն նվիրում է փաստարկների երկու կողմերն էլ հասկանալուն, այնպես որ, քո փոխարեն քո տեսանկյունը պաշտպանելով, կարող է տապալել քեզ, նույնիսկ դրանից առաջ նույն բանավեճում արդեն իսկ քեզ մյուս տեսանկյունը պաշտպանելով տապալելուց հետո:

 6  Որովհետև դու բավարար հարցեր չես առաջադրում...

Որովհետև դու երբեք հարցեր չես առաջադրում իշխանությունների առջև և ոչ էլ երբևէ կասկածի տակ ես դնում նրանց արարքները:

Որովհետև դու ինքդ քո առջև երբեք հարցադրումներ չես դնում, ինքդ քեզ հարցեր չես տալիս:

Որովհետև դու չես հասկանում ճիշտ ժամանակին, ճիշտ ձևակերպված հարցի ուժը կյանքում` անհամաձայնության առաջ հարգանքով պաշտպանելով քո տեսակետը, նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը հակառակն է պնդում ու համոզում:

Որովհեհտև նա գիտի, որ թույլ տալով քեզ խոսել, դու կարող ես նրան տալ ամբողջ այն տեղեկությունները, որոնք նրան պետք են քեզ տապալելու համար, որովհետև չափից շատ ես խոսում:

Որովհետև նա ուսումնասիրում է մարդկային վարքը, իսկ դու արհամարհում ես բոլորին, բացի քեզնից:

Որովհետև նա ուշադրություն է դարձնում ոչ միայն քո խոսքերին, այլև այն ձևին, թե ինչպես ես դու դա արտաբերում:

 7  Որովհետև չես կարողանում տանել ճշմարտությունը...

Որովհետև դու մերժում ես, որ չգիտես այն ամենը, որը իրականում չգիտես:

Որովհետև չկա որևէ մի առցանց հոդված, որը կարող էր ամփոփել ամբողջ այն ժամանակը, որը դու ծախսել ես կյանքում:

Որովհետև նույնիսկ եթե քեզ ասվի, որ վաղն ամեն ինչ այլ կերպ կլինի, դու կսպասես մինչև վաղը, որպեսզի ինչ-որ բան ինքդ անես դրա համար:

Որովհետև դու գլուխդ բարձր քայլում ես` երևալով աշխարհին ու արհամարհելով իրականությունը, որն այնքան մոտ է գտնվում, որ եթե դու լեզուդ հանես՝ կզգաս դրա համն ու իրականում կգիտակցես, թե որքան քաղցր է ճշմարտության համը:

Որովհետև դու կախվածություն ձեռք կբերես ճշմարտությունից: Ու կսկսես գիտակցել, որ կաղում ես ըմբռնողության առումով, ու կտեսնես, որ միակ բանը, որ քեզ հետ է պահում իրական հրաշալի մի բան անելուց, հենց դու ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել