Nyut.am-ը գրում է.
Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 2-Ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի («Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերություն) շենքում տեղակայված «Հոսպիս» խնամքի կենտրոնը` այնտեղ այս պահին գտնվող ծեր հիվանդներով հանդերձ, կանգնած է վտարման վտանգի առջև:
Առողջության զարգացման կենտրոնը «Սամվել Սարգսյան և գործընկերներ» կազմակերպության հետ 08.02.2007 թվականին կնքել է այս շենքում տարածքի մի մասի վարձակալության պայմանագիր: Դրանից հետո հիշյալ կենտրոնը վարձակալած տարածքում (մակերեսը` 381,3 քմ) կատարել բավական թանկարժեք եվրանորոգում և 2009 թվականից սկսել իր գործունեությունը: 2012թ. փետրվարի 21-ին պայմանագիրը վերակնքվել է: Տարածքի վարձակալության համար պայմանագրով նախատեսված է ամսական 300 000 դրամի վճարում: Առողջության զարգացման կենտրոնը վարձակալած տարածքն անցյալ տարվա դեկտեմբերից տրամադրել է իր հետ համատեղ գործունեություն ծավալելու պայմանագիր ունեցող «Հոսպիս» խնամքի կենտրոնին, որպեսզի վերջինս այնտեղ իրականացնի ծեր, հիվանդ, նույնիսկ մահամերձ, այլևս անբուժելի մարդկանց խնամք, ովքեր ունեն դրա կարիքը: Սակայն չնայած «Հոսպիս»-ի գործունեության մարդասիրական ուղղվածությանը և այն հանգամանքին, որ պայմանագրով տարածքի վարձակալության ժամկետի ավարտը 2015թ. մարտի 1-ն է սահմանված, «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերությունը, ինչպես տեղեկացանք «Հոսպիս» խնամքի կենտրոնի ադմինիստրատոր-ավագ բուժքույր Մարիամ Ներսիսյանից, պահանջում է ազատել տարածքը, սպառնում է անջատել տալ էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը: Մի խոսքով, նպատակ ունի վտարել իրենց` հաշվի չառնելով նույնիսկ «Հոսպիս»-ում գտնվող տարեց հիվանդների առկայությունը: Հիշյալ ընկերությունից ասել են նաև, որ հիվանդատերերին գրություններ են տալու, որ գան, իրենց հիվանդներին տանեն:
Իսկ ի՞նչն է պատճառ հանդիսացել այսօրինակ անբարեհաճ վերաբերմունքի, «Հոսպիս» խնամքի կենտրոնի գործունեության մարդասիրական բնույթը հաշվի չառնելու, անտեսելու նաև, որ պայմանագրով նախատեսված վարձակալական ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի կա: Ըստ Մարիամ Ներսիսյանի բացատրության, «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերությունը պատճառաբանել է, որ Առողջության զարգացման կենտրոնը պատշաճ չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը, այսինքն` ժամանակին` մինչև հաջորդ ամսվա 10-ը չի վճարել տարածքի վարձակալության գումարը: Ըստ մեր զրուցակցի, վճարման ուշացումներ, իրոք, եղել են, բայց 1-2 օր, առավելագույնը` շուրջ մեկ շաբաթ, ընդ որում, այդ ուշացումները պայմանավորված են եղել զուտ մարդկային գործոնով, որևէ դիտավորություն չի եղել: Մարիամ Ներսիսյանի բացատրությամբ, քանի որ կոմունալ վճարումները սովորաբար կատարվել են յուրաքանչյուր ամսվա 15-ին կամ դրան մոտ, վարձակալության գումարն էլ նույն ժամանակ է փոխանցվել:
2013թ. դեկտեմբերի 9-ին, այսինքն` սահմանված ժամկետի շրջանակում, նոյեմբերի վարձակալության համար նախատեսված հիշյալ գումարն արդեն փոխանցել է ոչ թե Առողջության զարգացման կենտրոնը, այլ «Հոսպիս» խնամքի կենտրոնը, բայց «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերությունը համարելով, որ «Հոսպիս»-ը պայմանագրի կողմ չէ, չի ընդունել գումարը: Դրանից հետո նույն գումարը, բնականաբար, արդեն որոշ ուշացումով, փոխանցել է Առողջության զարգացման կենտրոնը, սակայն վերջինս դեկտեմբերի գումարը հունվարին արդեն ժամանակին է փոխանցել` մինչև ամսի 10-ը: Այնուհանդերձ, «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերությունը վերը նշվածը հաշվի չի առել և շարունկել է տարածքն ազատելու վերաբերյալ դեռ անցյալ տարվա դեկտեմբերից իր ներկայացրած պահանջը: Հենց այս հանգամանքն էլ մեզ մղում է ենթադրության, որ խնդիրը վճարի կարճատև ուշացումը չէ, քանի որ ընկերությունն այդ դեպքում կարող էր հաշվի առնել նաև նոյեմբերին իրեն ուղղված գրությունն առ այն, որ «Հոսպիս»-ը դեկտեմբերի 1-ից պատշաճորեն կկատարի պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Ավելին. եթե խնդիրը վճարի կարճատև ուշացումներն են եղել, Առողջության զարգացման կենտրոնը «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերությունից այս ամբողջ ընթացքում` մինչև տարածքն ազատելու պահանջի ներկայացումը, ի՞նչու գոնե մեկ անգամ զգուշացում չի ստացել:
Մենք, բնականաբար, դիմեցինք նաև «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ընկերության ղեկավարին` Սամվել Սարգսյանին: Վերջինս առաջարկեց դիմել «Սեբաստիա» ԲԿ-ի ղեկավարին, քանի որ խնդիրը, ըստ նրա, այդ կազմակերպության և Առողջության զարգացման կենտրոնի միջև է: Առնվազն տարակուսելի է, քանի որ «Սեբաստիա» ԲԿ-ն պայմանագրի կողմ չի հանդսանում: Այնուամնենայնիվ, դիմեցինք, սակայն հիշյալ ԲԿ-ի ղեկավար Արմեն Մխիթարյանը հրաժարվեց հեռախոսով պարզաբանումներ տալ:
Նա հրավիրեց իրենց մոտ` պարզաբանումների: Վաղը կայցելենք նաև «Սեբաստիա»:
Ի դեպ` «Սեբաստիա» ԲԿ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Միգուցե այստեղ է թաղված այս գործի «շան գլուխը»: