Խորհրդային Միության «երկաթյա վարագույրը» յուրօրինակ պատվար էր, որ տասնամյակներով մեկուսացրել էր խորհրդային հասարակությանը արտաքին աշխարհից: ԽՍՀՄ փլուզումով փլվեց նաև այդ պատվարը, և արտաքին աշխարհի, հատկապես արևմուտքի արժեքները հեղեղի պես փլվեցին հետխորհրդային երկրների վրա` իրենց հետ բերելով առավելապես կեղծ արժեքների կեղտաջրեր:Արդյունքում հետխորհրդային հասարակությունը, որ նախորդ տարիներին «սովետական մարդու» կերտման ճանապարհին գրեթե կորցրել էր հոգևոր իմունիտետը, սկսեց խեղդվել կեղտաջրերի այդ հորձանուտում:
Վերոնշյալ կեղծ արժեքներից մեկն էլ, այսպես կոչված, «սուրբ Վալենտինի» տոնն էր, որ հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում, սկսեց արհեստականորեն տարածվել նախորդ դարի 90-ական թվականներից սկսած: Ցավով պետք է արձանագրել, որ հերթական այս աղբը լայնորեն սկսեց գովազդվել մեր իսկ ԶԼՄ-ների կողմից. ամեն տարի` հերթական փետրվար 14-ի նախօրյակներին, հեռուստատեսության ու ռադիոյի եթերից զվարթորեն սկսվում էր ազդարարվել «բոլոր սիրահարների տոնի» մասին, մամուլում տեղ էին գտնում համապատասխան հրապարակումներ (հետագայում գումարվեց նաև համացանցը), իսկ պակասն էլ լրացնում էին տարբեր միջոցառումները, օրինակ` մեր շոուբիզնեսի երգիչ-երգչուհիների` տվյալ առիթով կազմակերպված համերգները: Մինչդեռ փաստենք, որ ավելին պետք էլ չէր, որպեսզի հոլիվուդյան ֆիլմերի ու լատինաամերիկյան սերիալների տխրահռչակ ազդեցությամբ «դաստիարակվող» երիտասարդ սերունդը խանդավառությամբ կուլ տա հերթական խայծը:
Խոստովանենք, որ առաջին հայացքից տոնը բավականին գրավիչ ու գայթակղիչ է: Այն արծարծում է մարդկային այնպիսի վեհ ու գեղեցիկ արժեք, ինչպիսին սերն է: Խիստ ռոմանտիկ են տոնի ավանդույթները` սիրո խոստովանությամբ խորհրդավոր երկտողերը, սիրելիին նվեր տրվող քաղցրավենիքները և այլն: Գումարենք սրան նաև «սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի» սրտառուչ պատմությունը, և կարծես թե միայն բացառապես դրական պատկեր ենք ստանում` առանց անհանգստություն զգալու որևէ լուրջ հիմքի: Բայց սա միայն «կարծես թե»…
Նախ խիստ տագնապալի է այն տենդագին օտարամոլությունը, որով համակված է մեր հասարակության զգալի մասը: Ցանկացած «իմպորտնի ապրանքի» նկատմամբ դեռևս խորհրդային շրջանից ենթագիտակցորեն մեզ փոխանցված հիվանդագին նախապատվության մտայնությամբ հալած յուղի պես ընդունում ենք դրսից եկած ամեն մի զրթուզիբիլ` թերևս դա համարելով «ինտեգրվել համամարդկային արժեքներին»: Մինչդեռ սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները մոռացության մատնած և պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տարված ժողովուրդը հազիվ թե որևէ տեղ ու դեր ունենա համամարդկային ընտանիքում: Արմատներից կտրված ծառը, ինչքան էլ ձգտի ճյուղերը երկինք խոյացնել, միևնույն է, դատապարտված է չորանալու:
Խնդիրը միայն տոնի օտար ծագումը չէ, այն հիմնված է սուտ պատմության վրա և շղարշված կեղծքրիստոնեական քողով: Համաձայն տոնի պատմական հիմք համարվող լեգենդի` 269 թ. Հռոմի Կլավդիոս կայսրը, ընտանեկան կյանքի պատճառով հեռավոր արշավանքներից խուսափող հռոմեական բանակի համապատասխան տրամադրվածությունները վերացնելու նպատակով, կայսրության մեջ ամուսնություններն արգելող հրաման է արձակում: Հրամանին չի ենթարկվում միայն Վալենտին անունով եպիսկոպոսը` շարունակելով գաղտնի պսակադրություններ կատարել: Սակայն ի վերջո բռնվում է և բանտարկվում, ապա` դատապարտվում մահապատժի: Սակայն մահապատժից առաջ Վալենտինը հաջողացնում է սիրավեպ սկսել բանտապետի դստեր հետ` նրան սիրային երկտողեր ուղարկելով: Եվ նրա մահապատժի օրն էլ հռչակվում է բոլոր սիրահարների տոն:
Հոլիվուդյան որևէ ախմախ ֆիլմի սցենարի համար վատ չէ իհարկե, բայց հեռու է ինչպես իրականությունից, այնպես էլ եկեղեցական ավանդությունից: Նախ` պատմությունից հայտնի չէ ոչ Կլավդիոս կայսեր նմանատիպ հրամանի, ոչ էլ առհասարակ նմանատիպ եղելության մասին: Դժվար է նաև պատկերացնել, որ երեք դար Հռոմեական կայսրության մեջ հեթանոսական բարքերին ընդդիմացող և հանուն քրիստոնեական հավատքի ամենադաժան եղանականերով նահատակվող հսկայաքանակ քրիստոնյաները հանկարծ որոշել էին հլու-հնազանդ ենթարկվել նման հրամանի, և միայն մեկն էր հիշել իր քրիստոնեական հավատքի ու խղճի թելադրանքի մասին: Մյուս կողմից էլ հեթանոս կայսեր համար հազիվ թե որևէ նշանակություն ունենար քրիստոնեական ծեսով կատարված պսակադրությունը: Իսկ լեգենդը հորինողը կրոնական գիտելիքներից, մեղմ ասած, բոբիկ է եղել, քանի որ Պսակի խորհուրդը տվյալ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, այն առաջացել է 4-րդ դարում: Հավելենք նաև, որ քրիստոնեական սկզբունքների տեսակետից էլ խիստ խոցելի է եպիսկոպոսի և բանտապահի դստեր սիրավեպի հեքիաթը:
Լեգենդն իրականում առաջացել է ուշ միջնադարում` աշխարհիկ գրականության մեջ, իսկ տոնը լայն տարածում է գտել գործարար շրջանակաների կողմից` տոնին առնչվող ատրիբուտների վաճառքից շահույթ ստանալու նպատակով: Տոնի հիմքը էրոտիզմին նվիրված հեթանոսական տոնակատարությունն է` լուպերկալիան, որ Հռոմեական կայսրության մեջ նշվում էր փետրվարի 14-ին: Այդ օրը բոլորը թողնում էին իրենց գործերը և սկսում խրախճանքներ կազմակերպել` նպատակ ունենալով գտնել իրենց սիրային զույգին: Նվերների կամ գրությունների միջոցով սիրեցյալի սիրտը շահելը նույնպես գալիս են այդտեղից: Քանի որ Կաթոլիկ եկեղեցին փետրվարի 14-ին նշում է իր տոնացույցի սրբերից Վալենտինի տոնը, լեգենդը հորինողները այս պատմությունը կապել են սուրբ Վալենտինի անվան հետ և տոնին քրիստոնեական երանգ տվել, մինչդեռ ոչ սուրբ Վալենտինի, ոչ էլ որևէ այլ սրբի վարքում «սիրահարների հովանավորի» պատմության հետ առչնվող որևէ նշույլ չկա, և ոչ էլ Կաթոլիկ կամ այլ եկեղեցի ունի նման տոն:
Տոնն իրականում ոչ այնքան սիրո, որքան սիրային արկածախնդրության արժևորումն է: Մի բան, որ միանգամայն հարազատ է ամեն ինչ նյութականացման և հաճույքի տանող, սիրո անվան տակ զուտ սեքսի և ամեն տեսակ այլանդակությունների քարոզչություն ծավալող արևմտյան կեղծ արժեքների ոգուն: Իրական սերը մարդկային վեհագույն զգացմունքն է, որ չի կարող քարոզվել ստի ու կեղծիքի միջոցով` նյութական շահույթ կամ պարզապես ֆիզիկական հաճույք ստանալու նպատակով:
Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն դրական տեղաշարժ է նկատվում արհեստածին այս երևույթից ձերբազատվելու և սեփական ազգային-եկեղեցական արժեքներին դառնալու գործընթացում: Եկեղեցու հնչեցրած տագնապին ընդառաջ` այլևս նախկին էնտուզիազմով չի թմբկահարվում այս թյուրիմացությունը, փոխարենը արժևորվում և վերականգնվում են դարերով մեր ժողովրդի մեջ արմատացած Ս. Սարգսի տոնի ավանդույթները: Հուսանք, որ գործընթացը հարատև ընթացք կունենա և հաղթական հանգուցալուծումով կպսակվի:
Գարիկ սարկավագ Ասրյան
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն