Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում հայտնաբերված զենք-զինամթերքը օգտագործվել է նրա ֆիլմերումՕրերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ ոստիկաններն ու փրկարարները Գոռ Վարդանյանին պատկանող Դոքենդո կարատեի ֆեդերացիայում մեծ քանակի զենք ու զինամթերք հայտնաբերեցին: Խուզարկության ժամանակ ֆեդերացիայից առգրավվեց մոտ 800 գ ՏՆՏ տեսակի պայթուցիկ նյութ (Տրոտիլ), «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական և ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ:

Դոքենդո ֆեդերացիայի մամլո ծառայությունը պնդում է, որ ֆեդերացիայում գտնված մեծաքանակ զենք-զինամթերքը նախատեսված է եղել ֆիլմերի մարտական տեսարանների համար ու օգտագործվել է բացառապես պիռատեխնիկական նպատակներով: Հենց այս թեմայով էլ որոշեցինք խոսել հայտնի պիռատեխնիկ Ռուբեն Շահինյանի հետ:

-Պրն. Շահինյան, դուք կատարել եք հանրությանը հայտնի վերջին շրջանի գրեթե բոլոր հայկական արտադրության մեծ բյուջեով ֆիլմերի («Մի վախեցիր», «Գարեգին Նժդեհ»...) պիռատեխնիկական աշխատանքները. երբևէ իրական զենքեր և իրական փամփուշտներ, նռնակներ օգտագործե՞լ եք այդ ֆիլմերում:

-Այն բոլոր ֆիլմերում, որտեղ պատիվ եմ ունեցել աշխատել, չի կիրառվել մարտական փամփուշտ, նռնակ կամ այլ տեսակի մարտական զինամթերք:

-Արդյո՞ք դերասանների համար վտանգավոր չէ դեկորատիվ զենքերի փոխարեն դրանց իրական տարբերակների կիրառումը ֆիլմերում:

-Մասսայական տեսարանների ժամանակ, բնականաբար, դերասանները ստացել են պլաստմասե զենքեր, որոնք իրականում նույնն են, ինչ խաղալիքների խանութում վաճառվող ցանկացած հրացան կամ ատրճանակ: Մասնակի դեպքերում կրակել են ձևափոխված մարտական զենքերով, որոնք իրականում լիցքավորված են եղել ոչ մարտական փամփուշտներով, և այդ գործընթացը հսկվել է զենք տրամադրած ուժային կառույցի մասնագետի կողմից:

-Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք իրականացնում նկարահանման հրապարակում պայթյունների և կրակոցների ժամանակ դերասաններին հնարավոր վտանգներից ապահովագրելու համար: Արդյո՞ք դա հնարավոր է անել, երբ զենքերն իսկական են:

-Նկարահանումից առաջ յուրաքանչյուր դերասանի հետ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, փորձեր, հրանգավորում: Տեսարանի նկարահանումից անմիջապես հետո դերասանը զենքը հանձնում է պատասխանատու մասնագետին: Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների լայն հնարավորությունները` պայթյունի իմիտացիայի համար փոքր ծուխն էլ բավական է: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դա բացարձակ անվտանգ է թե՛ դերասանների, թե՛ շրջական միջավայրի համար:

-Արդյո՞ք միջազգային պրակտիկայում կա նման բան՝ իրական պայթուցիկներ ու իրական զենքեր ու փամփուշտներ օգտագործել ֆիլմերի նկարահանման ժամանակ, ինչպես, իր խոսքերով, անում է Գոռ Վարդանյանը: 

-Բնականաբար, կինոարտադրության գիգանտները դեռևս վաթսունականներին օգտագործել են զուտ ֆիլմերում կիրառելու համար արտադրված զենքեր: Իսկ պայթյունի իմիտացիան կատարվում է օդի բարձր ճնշում ապահովող հատուկ սարքավորումներով: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում կինոհրագործությունը կարգավորող ոչ մի ստույգ դրույթ չկա: Հետևաբար համապատասխան մասնագիտացված ընկերություններ էլ չկան, որոնք կապահովեն ֆիլմերում օգտագործվող զենք-զինամթերքի անվտանգ շահագործումը, տեղափոխումն ու պահպանումը նախատեսված վայրերում: Իմ տաս տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ անվտանգ նկարահանումների ապահովելը հնարավոր է, երբ նկարահանման հրապարակում հրագործներից բացի գործընթացին հետևում են նաև ուժային կառույցների մասնագետները: Առողջ եղեք:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել