1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի բնակչուհին, որն իրեն վիրավորական հաղորդագրություններ էր ուղարկում Facebook սոցցանցի միջոցով, դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման՝ հայտնում է The Independent-ը:

Ինչպես պարզել է դատարանը, 24-ամյա Միշել Չեփմանը սոցցանցում ստեղծել է մի քանի կեղծ օգտահաշիվներ՝ օգտագործելով իր հոր ու խորթ մոր անունները: 

Այնուհետև նա խորթ մոր անունից սկսել է իրեն «տրոլինգի ենթարկել»՝ ուղարկելով չափազանց տհաճ, սեքսուալ բնույթի հաղորդագրություններ: Դրանից հետո, երբ նա այդ հաղորդագրությունների թիվը բավարար է համարել, դիմել է ոստիկանություն:

Ոստիկանությունում աղջկա մեղադրանքներին լրջորեն վերաբերվելով՝ ձերբակալել են ծնողներին, ապա նրանց նախազգուշացումներ ուղարկել:

Խաբեությունը հաջողվել է պարզել միայն մանրակրկիտ ստուգումներից հետո, երբ պարզվել է, որ հաղորդագրություններն ուղարկվել են Միշելի համակարգչից: Աղջկա փաստաբանի խոսքով՝ վերջինս տառապում է հոգեկան խանգարումներով, ու նրա արարքն ընդամենը «օգնության կոչ» է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել