1in.am-ը գրում է.

Գուանտանամոյի սաուդցի կալանավոր Ահմեդ Մուհամմադ Հազա Ալ-Դարբիի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ 2002 թվականին ֆրանսիական «Լիմբուրգ» լցանավի պայթեցմանը մասնակցություն ունենալու համար: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Պենտագոնին:

2002-ի հոկտեմբերին անհայտ անձինք ականապատված մոտորանավակի օգնությամբ պայթեցրել էին ֆրանսիական լցանավն Ադենի ծոցում՝ Եմենի Դաբա նավահանգստից 5 կմ հեռավորության վրա: Մոտորանավակը ղեկավարվել է հեռակառավարմամբ: Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել էին նավի անձնակազմի 25 անդամներից 12-ը: Զոհվել էր Բուլղարիայի քաղաքացի հանդիսացող մի նավաստի: Միջադեպի հետևանքով մոտ 90 հազար բարել նավթ ծովն էր լցվել՝ ձևավորելով 500 քառակուսի կմ մակերեսով բիծ:

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ հղում անելով WikiLeaks-ի տեղեկություններին, Ալ-Դարբին Գուանտանամոյում էր փակվել 2002-ի հունիսին՝ լցանավի պայթեցումից մի քանի ամիս առաջ: 

Ալ-Դարբին նաև մեղադրվում է խաղաղ բնակիչների վրա հարձակվելու, ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով դավադրության մեջ:

Նրա դեմ 2012-ի օգոստոսին առաջադրված մեղադրանքները պահանջել են Պենտագոնի հաստատումը: Առավելագույն պատժամիջոցը ցմահ բանտարկությունն է: Հաղորդվում է, որ մեղադրյալը կարող է դատավճռի մեղմացում ակնկալել, եթե ճանաչի մեղքը:

Ալ-Դարբին 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումն իրականացրած ահաբեկիչներից մեկի քրոջ ամուսինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել