Հայաստանում լայն տարածված ծանոթ-բարեկամ հարաբերությունները հարց են լուծում բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև պետական: Այդ հարաբերությունները, ինչպես նաև կոռուպցիան, մեր երկրում ոչ թե սիտուատիվ, այլ ինստիտուցիոնալ բնույթ ունեն, այսինքն՝ առանց այդ երևույթների սոցիալական որոշակի գործընթացներ պարզապես չեն ընթանա այնպես, ինչպես տեղի են ունենում այսօր:
Առավել էական է հասկանալը, որ ծանոթ-բարեկամ հարաբերությունները ունեն ԱՐԺԵԶՐԿՈՂ ֆունկցիա: Դրանք սոցիալական երևույթներն արժեզրկում են: Օրինակ, եթե գնահատական և դիպլոմ են ստանում ծանոթով, դա արժեզրկում է կրթությունն ու կրթական համակարգը, եթե հանցանք կատարած ծանոթին պատասխանատվության չեն ենթարկում՝ արժեզրկվում է օրենքը և դատաիրավական համակարգը, եթե պետական (հանրային) միջոցները ծառայեցվում են ծանոթի շահերին՝ արժեզրկվում է պետությունը:
Բոլոր այս երևույթները մեր երկրում լայն տարածում ունեն, ուրեմն՝ մենք բոլորս ապրում ենք սոցիալական արժեզրկված կյանքով:



