Նա ծնվել է։ Ես ծնվել եմ նրանից։ Տարիներ կանցնեն, եւ ես ինքս կծնեմ նրան։
Նա տվել է հարցեր, պատասխանել է նա իմ հարցերին։

Սովորել է քայլել, ընկել է, բարձրացել։ Բռնել է ձեռքս, երբ ունեցել է օգնության կարիք։ Նա եղել է կողքիս, երբ ես ջերմության մեջ զառանցել եմ, երբ սիրտս նեղվել է, երբ ցանկացել եմ լաց լինել ամուր սեղմված ինչ-որ մեկի մարմնին։

Սովորաբար հետը գլուխ չեմ դրել։ Հաճախ գլուխս դրել եմ ուսին։ Երբեմն գլխացավանք է դարձել, սակայն տարել եմ։ Տանելիս պատահել է՝ մեջքս ճռռացել է, ինչպես պառաված ոսկոռներն են ճռռում ծանրություն շալակած ծերունու քայլերից։

Սպասել եմ։ Նրան եմ սպասել։ Ժամանակ առ ժամանակ նա է սպասել ինձ։ Երբեմն սպասել ենք մեկս մյուսից։ Հաճախ այդ սպասումը չի արդարացվել։

Նա միշտ դժգոհ է եղել։ Նրան միշտ պակասել է։ Նա ձեռքերը ծալած նստել, բողոքել է։ Նա ոտքի է ելել եւ պայքարել է։ Նա ձախողվել է, նա հասել է իր նպատակին։

Ես նրան սիրել եմ։ Գուցե նա էլ սիրել է ինձ։ Ես նրան դավաճանել եմ, ինձնից շատ դավաճանել է նա ինձ։ Ես նրան թողել եմ, նա թողել է ինձ։ Հետքը կորցրել եմ։ Անհետ կորել եմ նրա կյանքից։
Նա անունս մոռացել է, նա ինձ մերժել է, նա ինձ խոստացել եւ չի կատարել խոստումն իր, նա ինձնից գողացել է, նա մեղադրել է ինձ։ Ես նրան սիրել եմ։

Հպարտացել է նա ինձնով, օգնել է առաջ շարժվել, կանգնել ոտքի։ Նրա կողքին ես ինձ զգացել եմ հանգիստ, նրան ես վստահել եմ, պաշտպանել է նա ինձ։

Նա սովորել է, սովորեցրել է նա ինձ։ Նա կարդացել է, սիրել եմ կարդալ ես նրա մասին։ Նրա ձեռքերը գրելիս լարվել են, միջնամատին կոշտուկներ են առաջացել, իսկ ցուցամատը թանաքոտվել է։ Նա եղել է ափիս մեջ, ես նրան պինդ պահել եմ։

Նա ժամանակի ընթացքում մոռացվել է։ Նրա բացը լրացրել են։ Հազարավոր, միլիոնավոր բացեր է լրացրել նա իր հերթին։ Նա սպանել ու սպանվել է, նա ստել ու շնացել է։ Նա ստեղծել է օրենքներ եւ ինքն էլ դրանք խախտել է։

Նա մահացել է։ Ես նրան կորցրել եմ։ Ինքս իմ մեջ, շրջապատում, նա ամեն տեղ մահացել է։ Նա ծնվել է։ Ես ծնվել եմ նրանից։
Տարիներ կանցնեն, ես կծնեմ նրան, եւ ամեն ինչ կկրկնվի նորից։

Մարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել