Երևանը նույնիսկ խորհրդային իշխանության վերջին տարիներից սկսած աղճատվեց, ձևախեղվեց, իսկ հետագա տարիներին 90-ականներից սկսած կամայականորեն, անխղճաբար՝ երբեմնի գեղեցիկ, կոլորիտով քաղաքը նմանեցվեց հրեշակերպ Ֆրանկեյնշտեյնի քաղաքային տիպարին…
Ավերվեցին զբոսայգիները, սնկի նման բուսնեցին սրճարանները, բետոնապատվեցին կանաչ տարածքները, անկանոն, առանց գեղագիտական, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական նորմերը հաշվի առնելու, տարօրինակ հապճեպությամբ կառուցվեցին ինչ-որ մուտանտ, մոնստր, անդեմ, անպետք, անտեսք շինություններ…Դրա վառ օրինակը հիմա առավել ակնառու կտեսնեք երբեմնի կրկեսի հետնամասում, որտեղ աչք է «շոյում» ֆայլաբազարից վարձված ճարտարապետների նախագծով կառուցված, տգեղ, անտեսք, անհամաչափ շենքերի խումբը: Ցավոք, համանման «հանճարեղ կոթողներ» կտեսնեք նաև մայրաքաղաքի շատ ու շատ այլ հատվածներում: Ցավն այն է, որ Երևանի այդ տարիների գլխավոր ճարտարապետները պատվիրատուներին, կառուցողներին իրենց ոճը, իրենց պահանջները պարտադրելու, թելադրելու փոխարեն, ինչ-որ բանից ելնելով` թուլացան ու հաճույք ստացան, բռնաբարելով բոլոր խելամիտ քաղաքաշինական նորմերն ու խելամիտ մոտեցումները:
Արդյունքում` անդեմ կամ կիսադեմ, զոմբիացված Երևան…
Ներկայումս ժամանակաշրջանի պահանջներից, քաղաքացիական պայքարներից, ընդվզումներից հետո, քաղաքային իշխանությունները կարծես ավելի խիստ և լուրջ են վերաբերում այդ խնդիրներին ու տարբերությունն ակնհայտ է: Լուրջ աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքը գեղեցկատես և գրավիչ դարձնելու ուղղությամբ, սակայն այդ ռեանիմացիոն քայլերը դեռևս քիչ են և տարերային, իրականացվում են առանց լուրջ քննարկումների, հեռանկարային ծրագրերի՝ առանց հաշվի առնելու Հին Երևանի երբեմնի տեսքը, պատմական դեմքը պահպանելու և վերականգնելու խնդիրները…
Մինչդեռ դա արդեն օրախնդիր հարց է և խիստ կարևոր…
Հ.Գ. Պատկան մարմիններին խնդրում եմ քննարկել և քչացնել Ֆրանսիայի հրապարակի պտտվող գովազդային վահանակների գերհագեցած քանակությունը: Գեղեցիկ չէ, ավելին` ճնշող է…



