Ապագայի մասին հոռետեսական ու պարտվողական արտահայտություններ հաճախ ենք լսում խոպանչիներից ու գաղթականներից: Նրանք ասում են, թե չեն հավատում, որ լավ է լինելու: Իրականում, հավատի դեֆիցիտը կապ չունի տնտեսական ցուցանիշների հետ, ինչպես հավատն առ Աստված պայմանավորված չէ հավատացյալի բարեկեցության մակարդակով: Հավատը չի պահանջում տրամաբանական հիմնավորում կամ ապացույց: Այն ամրացնում է հասարակության արժեքային համակարգը, որը փոփոխվում է համաշխարհային քաղաքակրթական տեղաշարժերի ազդեցությամբ: Ավանդույթներին կառչած հասարակությունը դիմադրում է համաշխարհային զարգացումներին, ինչը լուրջ փորձությունների է ենթարկում ժողովրդին: Իսկ բաց հասարակությունը կարողանում է արդյունավետ համատեղել հինն ու նորը, ազգայինն ու համամարդկայինը, ապահովում ներդաշնակ զարգացում և համաքայլ առաջընթաց: Հաջորդ շաբաթ նշվելու է տրընդեզն ու Սուրբ Սարգսի տոնը: Այդ տոներին մարդիկ ցատկում են խարույկների վրայով, ազատվում չարից և լցվում բարությամբ: Իսկ աղի բլիթ ուտելով երազում մեծ և անխախտ սիրո մասին: Հաջորդ շաբաթ նշվելու է նաև մինչև վերջերս անծանոթ նոր տոն՝ Վալենտինի օրը, կամ ինչպես ասում են՝ սիրահարների տոնը: Այդ օրը սիրո խոստովանական բացիկով և քաղցրավենիքով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը սիրելիի նկատմամբ: Ներկա սոցիալական մտածողության մեջ չեն համատեղվում այս տոները, ինչը վկայում է, որ հասարակությունը աշխարհի անբաժան մասնիկը լինելու խնդիր ունի: Այս երկփեղկված վիճակը երկար չի կարող շարունակվել: Կա՛մ ավանդապահները պաշտպանելու են դիրքերը հետ մղելով դրսից եկածներին, կա՛մ հասարակությունը ենթարկվելու է քաղաքակրթական տրանսֆորմացիայի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/578336882254643?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել