Hetq.am-ը գրում է.

Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն:

Վերջինս նշեց, որ ինքն այլևս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել, իսկ ինքը պետության կողմից տրամադրված պաշտպան էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Քրիստինե Աղալարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել