ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումըPanorama.am-ը գրում է.

Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։ 

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝ Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։ 

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել