Փետրվարի 3-ին , առավոտյան ժամը 11-00 –ի սահմաններում Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը և դեռևս չի վերականգնվել: Դրա հետևանքով արդեն երրորդ օրն է մի քանի ժամով, տեղ-տեղ հոսանքազրկվում են տարբեր թաղամասեր: Շատ շենքերում սառել են ջրի և կոյուղու խողովակները, շարգից դուրս են եկել բնակիչների և տարբեր կազմակերպությունների ջեռուցման համակարգերը, տեխնիկական և կենցաղային սարքավորումները: Գազի և էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով մի քանի հացի արտադրամասեր չեն կարողանում աշխատել, որի պատճառով բավարար քանակությամբ հաց չի մատակարարվում սպառողին: Ժամանակավորապես դադարեցվել է մի քանի մանկապարտեզների և դպրոցների աշխատանքները: Մի խոսքով կաթվածահար է եղել քաղաքի բնականոն կյանքը և այս կամ այն կերպ տուժել են բազմաթիվ բնակիչներ և կազմակերպություններ: Ըստ տարբեր լրատվամիջոցների, Հայռուսգազարդ ՓԲԸ-ը արդեն մի քանի անգամ պաշտոնական հաղորդագրություն է տարածել գազամատակարարման վերականգնման ժամկետների վերաբերյալ, որը մինչ այժմ չի իրականացել: Սակայն մինչ այս պահը իրականացվում են պայթյունի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ: Բնական է, որ այդ աշխատանքների արդյունքում կվերականգնվի գազամատակարարումը և քաղաքը կշարունակի ապրել բնական հունով: Ըստ ԱԻՆ աշխատակիցների, պայթյունի պատճառը եղել է գազի խողովակների անսարգությունն ու մաշվածությունը : Սակայն հարց է առաջանում, ո՞վ է կրելու այս ամենի պատասխանատվությունը: Ակնհայտ է , որ հնամաշ և բարոյապես մաշված խողովակները խորհրդային տարիներից ի վեր չեն փոխվել կամ վերանորոգվել , մինչդեռ ոլորտը կարգավորող տարբեր օրենսդրական ակտերով , լիցենզավորման պայմաններով և պայմանագրով նախատեսվում է, որ Հայռուսգազարդը ՓԲԸ –ն պարտավոր է կատարել կապիտալ և ընթացիկ վերանորոգումներ: Փաստը վկայում է , որ նման ներդրումներ և համապատասխան աշխատանքներ չեն արվել: Միևնույն ժամանակ , ըստ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 2.8 կետի, մեջբերում եմ` Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով: Ակնհայտ է, որ այս դեպքը ֆորս մաժորային չէ և սա սպառողների շահերի կոպիտ խախտում է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորուղ հանձնաժողովը պետք է անրադառնա այս խնդրին և պատասխանատվության ենթարկի Հայռուսգազարդ ՓԲԸ-ին : Ես հետամուտ կլինեմ խնդրի լուծմանը և դիմում եմ գազամատակարարման արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և այլ շահագռգիռ անձանց ու կազմակերպություններին, միավորել ջանքերը և համատեղ աշխատել այս ուղղությամբ:



