Lurer.com-ը գրում է.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը` արևելահայերեն: Այս մասին տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումից: Հուշագրությունը 1918 թ. լույս տեսած անգլերեն բնագրից թարգմանել է Լիլիթ Թութխալյանը:
Հենրի Մորգենթաուն ամերիկացի դիվանագետ է, ով 1913-16-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո ներկայացնում էր նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Բելգիայի շահերը այդ երկրում: Մերձավոր արևելքում օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) փոխնախագահն էր: Երբ Ամերիկայի հյուպատոսների բազմաթիվ զեկուցագրերից հայտնի դարձավ, որ արևմտահայերի տեղահանության իսկական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպում ունեցավ երիտթուրք պարագլուխներ Թալեաթի և Էն վերի հետ՝ ապարդյուն փորձելով կանխել հայերի արտաքսումն ու կոտորածը: Իր հուշերում Մորգենթաուն առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը, որոնք գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսների զեկույցների հիման վրա: Նրա «Հայկական ջարդերի առթիվ (1918)», «Հայաստանը կանչում է» (1918), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Բոսֆորի գաղտնիքների 1913-1916» (1918), «Դեսպան Մորգենթաուի հուշերը» (1919) գրքերը կարևոր են ու արժանահավատ վկայություններ են պարունակում Արևմտահայության Մեծ եղեռնի մասին: Մորգենթաուն գտնում էր, որ երիտթուրք կառավարությունը նախօրոք էր ծրագրել Թուրքիայի հայության բնաջնջումը: Նա մերժել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության թուրքական վարկածը և փաստերով ապացուցել է, որ երիտթուրք պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր: Մ. դատապարտել է Եվրոպական տերությունների անտարբեր դիրքորոշումը հայկական հալածանքների հարցում, ինչն էլ իր հերթին խրախուսեց թուրք ջարդարարներին: