1in.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը փետրվարի 5-ին ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց շփման գծում ներկա իրավիճակի մասին: Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողություներից հետո շփման գծում լարվածություն էր տիրում, կրակոցների քանակը գրեթե 5-6 անգամ ավելացել էր. դա առաջին հերթին կապված էր նրա հետ, որ հակառակորդը մտավախություն ուներ, թե հայկական կողմը պետք է պատասխաներ՝ չհասկանալով այն, որ դիրքում մեր զինծառայողները՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, արդեն պատասխան էին տվել, և հակառակորդը հետ էր շպրտվել մեր դիրքերից: Օհանյանը նշեց, որ սահմանին լարվածությունը արտահայտվում էր կրակոցներով, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Նախարարը, սակայն, հավելեց, որ իրողությունը վերահսկվում է իրենք որևիցե մտավախություն չունենա: 

«Անհրաժեշտության դեպքում մեզ այլ բան չի մնում, քան հակառակորդին պատժելը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ դեռևս 2010 թվականին իր և ՌԴ ՊՆ-ի կողմից ստորագրված համաձայնագրի շնորհիվ նոր որակի բարձրացան ՀՀ-ի անվտանգության պաշտպանության խնդիրները: «Նոր պայմանավորվածություները, եթե ես կոնկրետ անուններ չտամ, վերաբերում են հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերմանը, ինչպես նաև այնպիսի համակարգերի, ինչպիսիք են կապի և ավտոմատ կառավարման համակարգը, հակաօդային պաշտպանության կարողությունների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդլայնում, որոնք թույլ են տալու մեզ ոչ միայն պաշտպանվել, այլև անհրաժեշտության դեպքում կանխարգելել»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել