1967թ.-ի հոկտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ վարորդի արյան մեջ ալկոհոլի քանակությունը կարգավորող օրենք ընդունվեց: 10 տարի անց փորձագետները պարզեցին, որ այդ օրենքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել ավելի քան 6000 մարդու կյանք:
Իսկ ահա այսպես են տուգանում տարբեր երկրներում՝ խմած վիճակում մեքենա վարելու համար:
Չեխիա
Չեխիայում վարորդների օրգանիզմում պետք է ընդհանրապես բացակայի ալկոհոլը, այլապես նա ստիպված կլինի վճարել 200-470 եվրո:
Գերմանիա
Երթևեկության օրենքների ընդհանուր եվրոպական համակարգում ալկոհոլի թույլատրելի պարունակությունը չպետք է գերազանցի 0,5 պրոմիլեն: Այդ չափանիշն ընդունված է արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Սակայն սկսնակ վարորդներին, անչափահասների կամ տաքսու վարորդներին կտրականապես արգելված է նստել ղեկին՝ նույնիսկ ալկոհոլի փոքր չափաբաժին օգտագործելուց հետո: Գերմանիայում «լավ» արբած վարորդը առաջին անգամ 500 եվրո է վճարում, երկրորդ անգամ՝ 1000, իսկ երրորդ անգամ՝ 3000:
Մեծ Բրիտանիա
Անգլիայում առանց որևէ խնդրի կարելի է օգտագործել մինչև 0.8 պրոմիլե՝ մոտ երկու բաժակ գինի: Սակայն հենց Անգլիայում են սահմանված ամենամեծ տուգանքները՝ 7200 եվրո:
Ֆրանսիա
Այս երկրում մեկ բաժակ գինի օգտագործելու համար նախ դատական ծանուցագիր է գալիս, այնուհետև Դուք պետք է վճարեք 135 եվրո (մինչ 0,8 պրոմիլե), 4500 եվրո այդ ցուցանիշը գերազանցելու համար, և 30.000՝ պատահարի մեջ հայտնվելու դեպքում: Ծանր հետևանքների դեպքում մեղավորը պետք է վճարի 150.000 եվրո և դատապարտվի 10 տարվա բանտարկություն: Բոլոր մեքենաներում պետք է լինեն արբածության աստիճանը ստուգող սարքեր: Վերջինիս բացակայության դեպքում նույնպես տուգանք է սահմանվում:
ԱՄՆ
Ամերիկայում այդ հարցերը շատ խիստ են դրված: Ալկոհոլի սիրահարները կարող են բանտարկվել 1 ամսից մինչև մեկ տարի ժամկետով և երկար ժամանակով կզրկվեն վարորդական իրավունքից: Թույլատրելի սահմանն է 0,8 պրոմիլեն: Առաջին անգամ տուգանված վարորդին, ով վթարի պատճառ չի դարձել, տուգանում են 300 դոլարով և կես տարով զրկում են վարորդական իրավունքից: Երկրորդ անգամ գումարը կարող է կազմել 5000 դոլար, իսկ երրորդ անգամ՝ 10.000 դոլար: Եթե արբած վարորդը դարձել է մահացու ելքով վթարի պատճառ, ապա նա կբանտարկվի 10 տարով, բայց այդ պատիժը կարող է փոխվել տարբեր նահանգների օրենքների համաձայն:
Սինգապուր
Սինգապուրում արբած վարորդին կարող են հասարակայնորեն պատժել: Բացի այդ, նա պետք է վճարի տուգանք՝ 200-230 սինգապուրյան դոլար: Այս երկրում ալկոհոլի թուլատրելի չափաբաժինն է 0,8 պրոմիլե:
Չինաստան
Չինաստանում օրենքը խիստ յուրահատուկ է: Պատահարի մեջ հայտնված արբած վարորդին կարող են դատապարտել մահապատժի: Եթե պատահար չի գրանցվել, ապա վարորդը, միևնույնն է, դատապարտվելու է 1-6 ամիս բանտարկության:
Թաիլանդ
Գործերը նույն կերպ են ընթանում Թաիլանդում: Պատահարի մեջ հայտնված խմած վարորդի հանդեպ, առավել ևս եթե զոհեր են գրանցվել, սահմանվում է տուգանքի ամենաբարձր աստիճանը: Ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն է 0,5 պրոմիլեն:
Ճապոնիա
Այս երկիրը նույնպես շատ խիստ է վերաբերվում արբած վարորդներին: Ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն է 0,3 պրոմիլե: Տուգանքի դեպքում վարորդին շատ երկար ժամկետով զրկում են վարորդական իրավունքից: Եթե արբած վարորդը վթարի պատճառ է դարձել և փախել է դեպքի վայրից՝ նրան կզրկեն վարորդական իրավունքից: Երկրում տուգանում են ոչ միայն արբած վարորդներին, այլ ուղևորներին, ովքեր նստել են վերջինիս մեքենան: Արբած վարորդի համար յուրաքանչյուր չափահաս ուղևորը պետք է 3000 դոլարին համարժեք տուգանք վճարի, իսկ վարորդը՝ 8700 դոլար և կդատապարտվի 5 տարվա ազատազրկման: Մարդուն կարող են ցմահ զրկել վարորդական իրավունքներից, եթե նա մահվան ելքով վրաերթ է իրականացրել:



