Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության` դեռևս վաղուցվանից ճանաչված, մտավոր հանճարներ ծնած երկրի հին համբավն ու կրթական համակարգի մշտնջենական գերակայությունը ժողովրդի գիտակցության ու ինքնագիտակցության մեջ` այսօր անկարելի է այսպես բարձիթողի վիճակում թողնել մեր սերնդին, քանզի այս երկրի, բյուրավոր տականքներից մազապուրծ երկրի ապագան կերտողները հենց մենք ենք ու պիտի այնպես անենք, որ մեր երկիրը կարողանա ոչ թե գոյատևել` իբրև սոսկահար ժողովուրդ, այլ ապրել, ինչպես թագավորն է բազմում իր խոյանիստ ամրոցում...
Բայց... ինչպե՞ս, մեկ էլ` ո՞ւմ հետ: Ինչպե՞ս հույս ու հավատ մնա «հետագայում ամեն ինչ լավ է լինելու» եզրույթի հանդեպ, երբ այսօր ամեն ինչ գնում է վատթարացման...
Ինչ որ եվրոպական կրթական համակարգի ենք անցնում` մոռանալով մեր` եվրոպականից բավականին հեռու լինելու հանգամանքը: Մեր կրթական համակարգը նման է մի տան շինարարության, որը, երկար ժամանակ թերի պատրաստվելով, այսօր հրաշալի պարագաներով է շտկվում, բայց... արտաքուստ: Իսկ այդ դեպքում բոլորին էլ պարզ է դառնում, որ այդ տունը վաղ թե ուշ հավասարվելու է հողին, իսկ կրթական համակարգի դեպքում ոչ ոք սա չի տեսնում: Բայց չէ՞ որ այս երկրում բոլորն էլ ունեն հարազատներ, որոնց եթե ոչ զավակը կամ դուստրը, ապա սանիկի բալիկը կամ հոպարի թոռնիկը «ուսանում» է Ավագ դպրոց անվանվող համակարգում: Նրանք կարող են եթե ոչ ապացույցներով, ապա սեփական համոզմունքներից ելնելով ներկայացնել իրենց ուսումնառության` գրեթե ամեն ինչով խարխլված գործընթացը:
Բացի սա, ներմուծվել են ինչ-որ գրքեր, որ անվանվում են շտեմարան, իմ կողմից էլ մի երկու բառով` մտքի պահոց, լեզվի կապոց... Եվ ուրեմն` մեր լեզուն ու Մաթեմատիկան այնքան նոսրատարր են, որ կարողանում են սահմանափակվել երկու-չորս հատոր շտեմարաններով, որոնք ստուգող պարագա են մեր կրթական համակարգում: Բայց արդյոք այդ ապուշացնող գրքերը կազմողները չե՞ն նկատել, որ թե´ Մաթեմատիկան, թե´ Հայոց լեզուն ավելի ծավալուն ու ընդգրկուն են, քան այդ գրքերը, որ իբրև թե այդ առարկաների իմացությունն ստուգող գրքեր են: Մի՞թե մենք, իմանալով այդ հինգ հազար հարցի պատասխանը, իմանում ենք նաև լեզուն, մի՞թե կարող է սա համարվել իմացությունն ստուգելու միջոց, թե՞ ավելի շուտ` խաբկանք:
Հ.Գ. Բազմաթիվ վերլուծություններ կարող ենք անել այս ամենից ու գտնել պատճառահետևանքային շատ ու շատ կապեր, որ ի վերջո կործանիչ են լինելու: Նշեմ նաև, որ նախատեսվում է մյուս տարի մեր երկրի ապագան ապահովող զավակների` դպրոցական բոլո´ր առարկաների իմացությունը ստուգել շտեմարաններով. այսինքն` անցնել շտեմարանային համակարգի կամ կարճ, բայց տեղին ասված` դեբիլացման ու անգիրացման:
Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ես այսպես...
Գևորգ Մովսիսյան.



